«Առաքելություն» կուսակցությունը հաստատակամ է շարունակելու քաղաքական և քաղաքացիական իր գործունեությունը և ոչ մի ընտրության կամ «ընտրության» արդյունք չի կարող կասեցնել մեր ընթացքը։
Մայիսի 5–ին ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան։ Ոչ իշխանական ուժերի այն ակնկալիքները, որ համատեղ ուժերով կանխվելու են կողմնակի ազդեցություններն ու ընտրական գործընացը խաթարող միջամտությունները, մեղմ ասած չիրականացան։
Այս ընտրություններում բախվեցինք հատկապես երկու կանխորոշիչ 2 երևույթների հետ.
- Ընտրակաշառքներն, ընտրության օրը մեքենաների մեջից բաժանելու փոխարեն, հիմնականում բաժանվել էին նախօրեին՝ մարդկանց բնակարաններում, ինչը ներկա պայմաններում գործնականում անհնար է դարձնում ընտրակաշառքի դեմ պայքարը։
- Տեղամասային հանձնաժողովները, որպես ընտրական գործընթացի իրական ու իրավական պատասխանատուներ, այլևս դառնում են անգործունյա ու անպատասխանատու, քանի որ բավական է թաղային խաժամուժի 1-2 ներկայացուցչի մուտք ընտրատեղամաս, որ հանձնաժողովականները հայտնվեն «խաղից դուրս» վիճակում։
Մայիսի 5–ին ականատես եղանք իշխանական ընտրակեղծարարության ողջ արսենալին։ Ընտրակաշառքը, քաղաքացիներին ընտրատեղամասեր բերելը, բազմակի քվեարկության համատարած դեպքերը, թաղային կրիմինալի կողմից ընտրատեղամասերում հանձնաժողովականներին, դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին ահաբեկելու համատարած դրսևորումները, տեղամասերում և հարակից տարածքներում վերահսկելիության ու վախի մթնոլորտն անարժանահավատ են դարձնում հրապարակված արդյունքները։
Ելնելով նման խայտառակ «ընտրություններին» համարժեք քաղաքական ու քաղաքացիական պատասխան տալու անհրաժեշտությունից, ինչպես նաև առաջիկա 4 տարում ոչ իշխանական դաշտի համախմբման ու համատեղ պատասխանատվություն ստանձնելու աներկբա հրամայականից՝ ոչ իշխանական ուժերին առաջարկում ենք
- Հրաժարվել քաղաքային ավագանու մանդատներից (ԲՀԿ, «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ)
- Հրավիրել համատեղ հանրահավաք՝ ստեղծված քաղաքական իրավիճակին միասնական քաղաքական գնահատական տալու և ոչ իշխանական համագործակցության նոր՝ իրապես միասնական ձևափաչ ձևավորելու համար։
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ 06.05.2013