Ըստ Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական քարոզչության գլխավոր վարչության տեղեկության՝ այսօր կեսօրին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հեռախոսազրույց է ունեցել Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ։ Ըստ իրանական աղբյուրի՝ Դեհղանին, հավաստելով զինված բախումների հնարավորինս արագ դադարեցման անհրաժեշտությունը, երկու կողմերին զսպվածության և բանակցությունների ու երկխոսության միջոցով ճգնաժամի լուծման կոչ է արել։
Նկատենք, որ սա բավականին ադեկվատ և հավասարակշիռ մոտեցում է։
Ուշագրավն այն է, սակայն, որ ադրբեջանական մամուլը (report, meydan) աղավաղված ձևով է ներկայացնում այս լուրը՝ միակողմանիորեն թաքցնելով, որ Դեհղանը խոսել է նաև հայ գործընկերոջ հետ, և նաև իրենց կողմից «ավելացնելով», որ զրույցի ընթացքում իրանցի պաշտոնյան «ևս մեկ անգամ շեշտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը»։
Արդյունքում ադրբեջանական մամուլը ներկայումս հեղեղված է «Իրանն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին» վերնագրով լուրերով։
Էլբակեան Էդգար