Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին:
Հայաստանի արտգործնախարարը ՖՄԿ գլխավոր քարտուղարին տեղեկացրեց ապրիլի 1-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները, ստեղծված իրավիճակը։
Միկայել Ժանը խորը մտահոգություն հայտնեց տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և ֆրանկոֆոն երկրները չեն կարող անտարբեր մնալ նման զարգացումների հանդեպ, և շեշտեց, որ ուժի կիրառումն անընդունելի է։ ՖՄԿ գլխավոր քարտուղարը հրամայական համարեց կրակի անհապաղ դադարեցումը և Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների շարունակումը: Միկաել Ժանն ասաց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ 80 պետությունների ղեկավարները Դակարի գագաթաժողովում հստակ արտահայտել են իրենց կարծիքն առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Նա շեշտեց, որ գագաթաժողովի հռչակագրում հստակ ասվում է՝ հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։ Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը ստորագրեցին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության եռամյա ծրագիրը:
Ապրիլի 5-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բեռլին՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու Հանրապետության ղեկավարի՝ Գերմանիա պաշտոնական այցին։