«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նախորդ գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարը, ընդհանուր առմամբ, պահպանվել է: Սակայն օրը ևս սկսվեց գույժով. նախորդ գիշեր հայ-ադրբեջանական սահմանին՝ Քարվաճառի դիրքերում, Հայաստանի զինուժը երկու զոհ և երկու վիրավոր է ունեցել: Թշնամու գնդակից զոհվել էին 1997-ին ծնված Սուրեն Արթուրի Արամյանը և Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը, երկուսն էլ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից: Ժամը 18:30-ին Թալիշի մերձակա մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
ԼՂՀ պաշտպանական բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը երեկ երեկոյան հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ օրվա ողջ ընթացքում թշնամին շարունակել է հրաձգային զենքից կրակել Արցախի սահմանի ողջ երկայնքով: «Հյուսիսային կողմում տանկից ոչնչացվել է սանիտարական մեքենան, որը շարժվում էր՝ սպանվածներին դուրս բերելու համար:
Ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային կողմում առանձին խմբեր՝ շուրջ 15 հոգանոց, մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը: Հակառակորդի փորձերը անհաջողության են մատնվել»,- տեղեկացրել է Առուստամյանը՝ հավելելով, որ ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմից զոհվել է 32 հոգի, որոնցից 8-ը սպաներ, 24՝ շարքայիններ, ժամկետային զինծառայողներ: Վիրավորվել է 121 հոգի, որոնցից 24-ը՝ սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ: Անհետ կորած են 25 զինծառայողներ: Երեկ հայտնի դարձավ, որ հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: