«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել է, որ ղարաբաղաադրբեջանական սահմանին կրակի դադարեցման համաձայնագիրը ձեռք է բերվել Մոսկվայում` Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերի մասնակցությամբ: Մինչ այդ հայտարարությունից հետո բոլոր փորձում էին այդ տեղեկությունը որևէ կերպ համադրել նախագահ Սերժ Սարգսյանի` երկու օր առաջ ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարության հետ, որ՝ «Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ, անկախ նրանից՝ հավանո՞ւմ է ղարաբաղցիներին, թե՞ ոչ», մի քանի ժամ անց Սեյրան Օհանյանը նույն հայտարարությունը կրկնեց Ազգային ժողովում: Ոչ միայն ուղղակի կրկնեց, այլև ավելացրեց բառացիորեն հետևյալը.

«Մեր համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի, ասենք, շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում և նաև պայմանավորվածության շրջանակներում, երևի թե բանակցային այս առկայության պայմաններում նպատակահարմար մենք չգտանք»: Դրանից առաջ էլ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է կրակի դադարեցման համաձայնություն կայացվել առանց Լեռնային Ղարաբաղի` ասում է` ում կանչել էին Մոսկվա բանակցելու, նա էլ գնացել է: Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարել են առաջին հերթին, բացառապես ու ամբողջությամբ, ԼՂ պաշտպանության բանակի, հայ զինվորների շնորհիվ: Ու դրա ամենամեծ արդյունքը, քաղաքական ձեռքբերումը պետք է լիներ, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը, այն, որ Ադրբեջանը սկսեր ուղիղ խոսել Լեռնային Ղարաբաղի հետ, Լեռնային Ղարաբաղը վերադառնար բանակցային գործընթաց»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: