Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Մարտակերտի շրջան՝ ռազմական գործողությունների հետևանքներին ծանոթանալու նպատակով:
Գործադիր իշխանության ղեկավարը Մարտակերտ քաղաքում և Մատաղիս ու Թալիշ գյուղերում ծանոթացել է ապրիլի 2-5-ը թշնամու հրետակոծության հետևանքներին, ինչպես նաև՝ հանդիպել տեղի բնակիչների հետ: Ա. Հարությունյանը երախտագիտություն է հայտնել բնակիչներին՝ ստեղծված իրավիճակում խիզախություն դրսևորելու և հայրենի համայնքներում մինչև վերջ կանգնելու վճռականության համար:
«Կառավարության կողմից արվելու է հնարավորը թշնամու արկակոծության հետևանքով բնակիչների վնասված առանձնատները և համայնքային ենթակառուցվածքները կարճ ժամանակամիջոցում վերականգնելու համար: Մի քանի օրվա մեջ քաղաքաշինության նախարարության համապատասխան մասնագետների կողմից կգույքագրվեն բոլոր վնասները՝ հնարավոր սեղմ ժամկետներում դրանց վերականգնման աշխատանքները սկսելու նպատակով»,- ասել է վարչապետը և հավելել, որ վնասված ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը վերականգնելու համար համապատասխան կառույցների կողմից արդեն ինտենսիվ աշխատանք է իրականացվում:
Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են Էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին