ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ամբաստանյալ Ս.Դանիելյանի՝ դատարանի կալանավորներին պահելու համար նախատեսված խցից փախուստի դիմելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ դատապարտյալ, ներկայումս մեկ այլ քրեական գործով ամբաստանյալ Ս.Դանիելյանը 2016թ.-ի ապրիլի 5-ին, Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մասնակցելու իր քրեական գործով դատական նիստին, որի ավարտից հետո գտնվել է նույն դատարանի կալանավորներին պահելու համար նախատեսված խցում։ Ժամը 17:30-ի սահմաններում, ձեռնաշղթայով փակված ճաղավանդակը բացելու միջոցով դուրս է եկել դատարանի շենքից, ապա դատարանի ավտոկայանատեղիի պարսպի վրայից ցատկելու միջոցով դիմել փախուստի:
Դեպքի առթիվ 2016թ.-ի ապրիլի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ պարզելու, թե ինչպես է կալանավորին հաջողվել բացել ճաղավանդակը։
Ապրիլի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ Սպարտակ Դանիելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։