ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Բաքվում արած հայտարարությանը, որը վերաբերում է «սեղանին» առկա պայմանավորվածություններին:

«2011թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,-ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն իր իրանցի ու ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպման ավարտից հետո տեղեկացրել էր, որ իրենք «մոտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը»։

«Պայմանավորվածության գրեթե բոլոր բաղադրիչները սեղանին են: Իրականում մենք շատ մոտ ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը»,- ասել է նա։

Իր խոսքում ռուսական դիվանագիտություն ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն արևմտյան երկրների, ավելի շատ է հետաքրքրված ԼՂ հակամարտության կարգավորմամբ: