Սկզբում ինձ թվաց, թե ինչ-որ բան սխալ հասկացա, հետո լսեցի երկրորդ անգամ, սարսափեցի, այդ ասում է Հայաստանի Հանրապետության նախագահը.«…մեր բանակը զինված է 80-ականների զենքով»: Ով գիտի` ի՞նչ է նշանակում 80-ականների սովետի զենքը: Պատմեմ իմ անձնական բանակային փորձից: Մարտական տագնապի ժամանակ տանկային դիվիզիայի տանկերի 20%-ը բոքսերից դուրս չէին գալիս, հաջորդ 20%-ը արշավի առաջին մի քանի կիլոմետրերին խափանվում էին: Այսինքն, առանց մարտի մեջ մտնելու սովետական զրահատեխնիկայի 40%-ն արդեն ջարդոն էր: Հեռավոր 83-ին էր սա, ու դուք հպարտությամբ նշում եք, որ նման զինատեսակներով է սպառազինված մեր բանակը 33 տարի հետո՞, եւ զինվորը քաջությամբ իր կյանքի գնով կարողացավ ի չիք դարձնել…:
Հայ զինվորին խորին խոնհարումս, միշտ, թե 90 -ականներին, թե այսօր, իսկ ձեր անելիքը ի՞նչ է, որպես գերագույնի, արյունով հողը պահող զինվորին մատակարարել 80-ականների ջարդոն ու տասնամյակներով խաբել սեփական ժողովրդի՞ն: Միշտ ասել եմ` բանակի հարցերը ինձ համար քննարկումից դուրս են, բայց վերջին լսածիցս հասկացա, որ այլեւս ոչ, օրհասական ժամ է, մեր լինելիությունն է վտանգված: Դրոնահար` որսորդական հրացանով, եւ զինվորի թանկ արյամբ պետք է մտահոգվել, ոչ թե հպարտանալ: Ես էլի կհասկանաի, ինչ-որ տեղ կընդունեի բացատրությունները, որ աղքատ երկիր ենք, եթե տեսանելի տիրույթում չտեսնեի այն ցոփ ու շվայտ ապրող տեսակը, որը ձեր ամենաթողությամբ ու հովանավորչությամբ սեփականացրել է Հայ ժողովրդի ազգային հարստության մեծ մասը ու հարստացել նաեւ Հայկական բանակին փաստացի թալանով: Այն խորհրդարան կոչվող կույտով, որը փաստորեն բացարձակ կապ չունի Հայրենիքի լինելիության հարցին ու հլու մեծամասնությամբ Երկիրը ու Բանակը տարել է այս խայտառակ վիճակին: Անդրադառնալու շատ հարցեր կան, բայց ինձ հիմա հուզում է ամենաշատը միայն այս մեկը, որը օրգանապես կապված է իմ Հայրենիքի լինելիության հարցի հետ: Ինչպես կանվանեք նրան, ով փախել է թշնամական երկիր, ու վարկաբեկում է իր Հայրենիքը, այո դավաճան, իսկ նա ով ապրելով Հայրենիքում յուրացրել, կլանացրել ու աղքատացրել է Հայրենիքը եւ, ամենակարեւորը, լինելով պատասխանատու ոչինչ չի արել սեփական բանակի ամրապնդման համար, բացի հպարտանալուց անցյալ դարի սպառազինությամբ ու հայ զինվորի այրամբ վճարված զինադատարի, ոչ խաղաղության համար, ո՞վ է նա: Օրհասական ժամանակներ են գալիս, Հայրենիքը վտանգի մեջ է, մենք` իրականում անպատրաստ: Այո, ազգովի պետք է լծվել ու լուծել այս հարցերը, եւ գուցե ժամանակն է հեռանալ, ստեղծել ազգային վստահության իշխանություն ու գոնե մի անգամ իսկապես անել հայրենասիրական, ազգանպաստ արարք:
Արմեն Մովսիսյան, երգահան