Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Վերջին իրադարձությունները դրդում են մեզ վերանայել որոշ թեմաների մասին քննարկման շեշտադրումները։ Համենայնդեպս, որոշակի կտրվածքով այդ թեմաներին անդրադառնալն ինձ անիմաստ է թվում։
1/ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց սա է անում, նա է անում»։ Դա այլևս անիմաստ հարցադրում է: Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, ճիշտ այնպես, ինչպես դաշնակից չեն աշխարհի բոլոր մնացած երկրները։ Ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից, դժգոհել նրա վարքից, ցույցեր անել, մեղադրել, նվնվալ, վկայակոչել «դարավոր բարեկամությանը»՝ անիմաստ է, ստորացուցիչ է, ուղղակիորեն հարվածում է մեր ազգային արժանապատվությանը։ Չեմ ասում, որ որևէ երկրի հետ պետք է հարաբերություններ փչացնել, բայց սպասելիքներ ունենալ և հետո դժգոհել, թե ինչու մեր սպասելիքները չիրականացան՝ վերջ, արդեն ամոթ է 3 տարեկան երեխայի վարք դրսևորել։ Իսրայելից, օրինակ, սպասելիքներ չունենք, չէ՞։
2/ «Ղարաբաղի հարցը կկարգավորվի այսպես կամ այնպես»։ Այդ հարցը տեսանելի պատմական ապագայում ոչ մի կերպ չի կարգավորվի։ Որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելն է» (դա «ծխածածկույթ» է), Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է, որ այս տարածաշրջանում ոչ մի հայ չապրի։ Հետևաբար, դա, ըստ էության, Ղարաբաղի հարց չէ, դա Հայաստանի և հայերի հարց է։ Հակառակորդին հնարավոր է ժամանակավորապես «լռեցնել»՝ նրան հասցնելով հուժկու հարված ներկայիս ԼՂՀ-ի տարածքից դուրս։ Բայց դա չի լինի խնդրի կարգավորում, դա կլինի դարձյալ ժամանակավոր զինադադար, որից հետո հակառակորդը նորից ուշքի կգա և կփորձի մեզ վրա հարձակվել, քանի որ նրա և Թուրքիայի նպատակը, կրկնեմ, հայերի ոչնչացումն է, ոչ թե հայերի կողքին այս կամ այն կարգավիճակով ապրելը։ Բայց հնարավոր չէ, որ Հայաստանն ու Արցախը դադարեն հայկական տարածք լինելուց, ինչպես հնարավոր չէ նաև, որ Ադրբեջան պետությանը դադարի գոյության ունենալուց։ Հետևաբար, չեմ պատկերացնում, թե ինչպես է այն, ինչ կոչվում է «Ղարաբաղի հարց», կարգավորվելու։
3/ «Ադրբեջանն ամեն ինչ անում է «խավիարային» դիվանագիտությամբ»։ Այսինքն՝ ամբողջ աշխարհում բոլորին կաշառում է, և դրա համար այդ մարդիկ ընդունում են հակահայկական կեցվածք։ Դա, իհարկե, մասամբ ճիշտ է, բայց իրավիճակին բացառապես նման բացատրություն տալը նշանակում է արդարացնել արտաքին քաղաքականության պատասխանատուների Ֆանտաստիկ անբանությունն ու անիրազեկությունը։
Ի տարբերության առաջին երկու կետերի, որտեղ թեման, ինձ թվում է, մեկընդմիշտ փակված է, երրորդ կետն այդքան «անհույս» չէ։ Որովհետև դա միայն մեզնից է կապված»,–գրում է թերթի խմբագիրը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: