Մինչ Հայաստան գալը 6 անգամ զինվորական ծառայության ժամանակ փախուստի է դիմել, իսկ այլ երկրում ծառայելու ցանկություն ինքն է հայտնել, սակայն Հայաստանում երբևէ միտք չի ունեցել դիմել փախուստի, միտքն առաջացել է միայն դեպքին նախորդած օրը: Այս տեղեկությունն այսօր պարզ դարձավ հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի գործով արտագնա դատական նիստին:
Քանի որ նիստին ամբաստանյալ Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ, դատարանում հրապարակվեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Ըստ նրա ցուցմունքների, Ավետիսյանների սպանության նախորդ օրը Պերմյակովը տխուր է եղել, և որոշել է վերադառնալ Ռուսաստան: Նպատակն իրագործելու համար իրեն անհրաժեշտ է եղել գումար ու հագուստ: Հենց այդ նպատակով է մտել Ավետիսյանների բնակարան, սվին դանակով հանելով դռան ապակին:
Իրեն առաջինը նկատել է Ավետիսյանների դուստրը և բղավել, ինչից վախեցած Վ. Պերմյակովը կրակել է, և հերթով կրակել ընտանիքի մյուս անդամների վրա ովքեր արթնացել են քնից, իսկ երեխաներին սպանել է, քանի որ լացել են:
Բազմաթիվ մարդկանց ամենից շատ հետաքրքրող հարցին, թե որևէ մեկը ստիպել կամ պատվիրե՞լ է իրեն սպանել հայ քաղաքացիներին, Պերմյակովը պատասխանել է «ոչ»: Իսկ հարցին, թե զղջում է արածի համար, Պերմյակովը պատասխանել է. «Այո, զղջում եմ, որ սպանել եմ այս ընտանիքին»: