Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ 2012 թվականի դեկտեմբերին ներկայացրած հայցադիմումը:

Բլոգերի խոսքերով՝ Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչը պատճառաբանել է պատգամավորի զբաղվածությունը:
«Մի պաթոսային բացատրություն էր՝ «ես ավելի լավ է՝ զբաղվեմ ժողովրդի խնդիրները լուծելու եւ վիճակը բարելավելու ուղղությամբ, ժամանակը, որպես պատգամավորի, չի ներում զբաղվել դատական պրոցեսով, իսկ ինտերնետային խուլիգանները նույնպես մասնիկն են ժողովրդի»»,- ասում է Էդգար Բարսեղյանը:
Այնուամենայնիվ, բլոգերը ողջունում եւ դրական է գնահատում պատգամավորի այս քայլը:

«Խիզախ քայլ էր սեփական սխալն ընդունելը»,- ասում է նա:
Դատական վեճի առարկան Տիգրան Ուրիխանյանի՝ «Տարվա ոճային քաղաքական գործիչ» մակագրությամբ դեմոտիվատորն՝ էր, որտեղ պատգամավորը պատկերված էր կնոջ մարմնով: Այն նվիրված էր Տիգրան Ուրիխանյանի՝ «Style Screen» մրցանակաբաշխությանը «Տարվա ոճային քաղաքական գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվելուն:

Պատգամավորը գտնում էր, որ բլոգերի պատրաստած դեմոտիվատորը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Տիգրան Ուրիխանյանը որպես փոխհատուցում բլոգերից պահանջում էր հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցել 1 միլիոն դրամ վիրավորանքի, 500 հազար դրամ փաստաբանական եւ 30.000 դրամ դատական ծախսերի համար, ինչպես նաեւ Demotivator.am եւ Blognews.am կայքերից ու սոցիալական ցանցերից հեռացնել պատգամավորի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող նյութերը:
Այժմ բլոգերը սպասում է դատարանի վճռին:
«Հուսով եմ՝ դատարանի վերջնական վճիռով կկհանվի նաեւ նախկինում բավարարված միջնորդությունը, որի համաձայն՝ ես ստիպված եմ եղել դեմոտիվատորը հեռացնել կայքից»,- ասում է Էդգար Բարսեղյանը:
Media.am