Ինչպես հայտնի է` նախորդ շաբաթ մի խումբ լրագրողներ դիմում-նամակ էին հանձնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` առաջարկելով, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում տեղ գտած «հրապարակային վիրավորանք» ձեւակերպումը չտարածվի լրագրողների վրա, որպեսզի նրանց մասնագիտական գործունեության ժամանակ անհրաժեշտ հեռախոսազանգերը եւ ինֆորմացիա ճշտելու այդ ձեւը դատարանի կողմից չհամարվի «անձնական զրույց»: Այսօր ԳԱԼԱ-ի լրագրողը Դավիթ Հարությունյանից փորձել է պարզել, թե ինչ որոշում է կայացրել: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ ուսումնասիրել է դիմումը, սակայն դեռ մտածում է` ինչպես պատասխանի: «Նայել եմ, ուսումնասիրել եմ, մտածում եմ, բայց դեռեւս պատրաստ չեմ պատասխանել` դրական է իմ վերաբերմունքը, թե` բացասական»:

Դավիթ Հարությունյանը նշել է, որ երբ պատրաստ լինի պատասխանը, ինքը կհայտնի` կոնկրետ ժամանակ նշել չցանկանալով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը վճռել էր մերժել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: «Ժողովուրդ»-ը Խաչիկ Խաչատրյանից պահանջում էր ընդամենը ներողություն խնդրել լրագրողին վիրավորելու՝ «պրաստիտուտկա» անվանելու համար:

Դատավճռից հետո մի խումբ լրագրողներ նախաձեռնել էին ստորագրահավաք եւ համապատասխան դիմում ներկայացրել Դավիթ Հարությունյանին: