ՀՀ առաջին տիկին, Վերարտադրողական բժշկության «Արագիլ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանն այցելեց «Շենգավիթ» Բշկական Կենտրոնի «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ ծնված երջանիկ ընտանիքին և զույգ փոքրիկներին:
Եռյակի կամ երկվորյակի ծննդով այսօր իրապես չես կարող զարմացնել, բայց գեղեցիկ ու հրաշալի է, երբ կա նոր կյանքի ծնունդ այդքան սպասումից հետո:
Բաբուջյանների ընտանիքը մանկան ճիչին սպասել էր 10 տարի: Սակայն տաս երկար տարիների ընթացքում հույսն այնուամենայնիվ չէր կորցրել: Դիմելով տարբեր բժշկական կենտրոններ Բաբուջյանները ի վերջո ընտրեցին “Շենգավիթ” ԲԿ-ը, որտեղ «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ և Շենգավիթ ԲԿ-ի բ.գ.դ., մանկաբարձ-գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի վարիչ Կարինե Կիրակոսյանի և “Շենգավիթ” ԲԿ-ի ծննդօգնության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, մանկաբարձական բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական ջանքերի շնորհիվ, արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից լույս աշխարհ եկան զույգ հրաշքները՝ Գարիկը և Մելանյան:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը փոքրիկներին նվիրեց խորհրդանշական անմոռուկներ` նշելով, որ հանրապետության «ամենաբարի արագիլի» շնորհիվ արդեն իսկ լույս աշխարհ են եկել 201 երեխաներ:
Հետաքրքիր, բայց փաստ էր նաև այն հանգամանքը, որ ՀՀ առաջին տիկնոջ այցելությունից երկու օր անց կրկին «Արագիլ» հիմնադրամի աջակցությամբ, ութ տարվա անպտղությունից հետո Շենգավիթ ԲԿ-ում գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանի ջանքերի շնորհիվ, արտամարմնային բեղմնավորման առաջին փորձից ծնվեցին զույգ տղաներ:
Շենգավիթ ԲԿ-ի ադմինիստրացիան հանձինս գլխավոր տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Ալեքսանդրի Ուռումյանի գլխավորությամբ ողջունում է նման նախաձեռնությունը և հատկանշական համարում այն անգնահատելի փաստը, որ “Արագիլ”-ը նպաստում է ՀՀ-ում ազգաբնակչության աճին:
Թող մանկան ճիչը ամեն օջախում լսվի յուրաքանչյուր վայրկյանը մեկ, ու թող արագիլը միայն բարի լուր ավետի: