«Ռազմագերիների կտտանքների շարքից մեկ այլ դրվագ ներառում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակի 18 մահացած զինծառայողների մարմինների խեղումը, որոնք ռազմական գործողություններից մեկ շաբաթ հետո փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ ԿԽՄԿ–ի ներկայացուցիչների ներկայությամբ»,- այսօր ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ ազատ քննարկումների ձևաչափով մտքերի փոխանակությանը:

Նա ներկայացրեց ադրբեջանական զինուժի գործած գազանությունների փաստեր: նա մասնավորապես ընդգծեց Քյարամ Սլոյանի մարմնի հետ կատարված սարսափը. գլխատված հայ զորակոչիկի գլուխը ադրբեջանական կողմը հպարտությամբ ցուցադրում էր ու տարածում համացանցում:

Նաիրա Կարապետյանն ասաց նաև, որ Ադրբեջանի կողմից կիրառած «Գրադ» կայանքի օգտագործումից Արցախում սպանվել է 12 տարեկան երեխա, ևս երկուսը՝ վիրավորվել: