«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ անցած ուրբաթ՝ 18:25-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ էր նետվել: Նախօրեին այդ գործով ձերբակալվեց Երևանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, որն իրավապահներին խոստովանել էր, թե ինքն է նռնակը նետել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Հովաննես Մուրադյանի մտերիմները մեզ պատմեցին, որ տղամարդն առողջական խնդիրներ ունի և մինչ ձերբակալվելը անընդհատ խոսել է այն մասին, որ պաշտոնյաները ցանկանում են իրեն սպանել: Իսկ արդեն իրավապահներին տված ցուցմունքներում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, նա պատմել է, որ ինքը «գող» է և իր թիկունքին օրենքով գող Դեդ Հասանն է, նույն ինքը` Ասլան Ուսոյանը, որը 2013 թվականին սպանվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այն, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ, ի սկզբանե հասկանալի էր, բայց որ հանգուցյալների մատն էլ է խառը, դա արդեն նորություն էր»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: