Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Հարություն Նալբանդյանը ներս է մտնում հոսպիտալի հիվանդասենյակ: Նրա աջ ձեռքին վիրակապ կա: Հագին զինվորական համազգեստ է, որ կարծես հուշում է` նա չի համակերպվում իր հոսպիտալացման հետ: Նստում է պատուհանի մոտ: Պատասխանում է որպիսության մասին իմ հարցերին, իսկ խորքում իր մտքերի հետ է, իր տղաների ու իրենց կռվի, իր ապրած քառօրյա պատերազմի հետ:

-Մարտական հերթապահություն իրականացնող իմ վաշտը առաջինն է իր վրա վերցրել հակառակորդի գերազանցող ուժերի հարվածը,- նոթատետրի թերթի վրա գծագրելով հարավարևելյան ուղղությամբ մարտական դիրքերը` ասում է հրամանատարը:

– Ինչպե՞ս կազմակերպեցիք վաշտի պաշտպանությունը,- հայացքս ուղղելով գծապատկերին` հարցնում եմ հրամանատարին:

-Ապրիլի 2-ի գիշերվա ժամը 01:00-ի սահմաններում հեռախոսագիր ստացանք, որ զգուշացնում էր սպասվող հետախուզախափանարար ներթափանցման մասին: Նման հաղորդագրություններ ամեն օր էինք ստանում,- խզված ձայնով պատմում է ավագ լեյտենանտը:- Ականանետի նշանառուին խնդիր առաջադրեցի` ջերմատեսիլ սարքով դիտարկել դիրքի մոտակա բարձունքի` Լյալյա-Իլյագիի մերձակայքը: Զինծառայողը, սակայն, դիտարկման արդյունքում շարժ չնկատեց: Մինչև գիշերվա ժամը 4-ը իրավիճակը հանգիստ էր: Դիրքի ավագը` Ադամ Սահակյանը, զեկուցեց, որ հերթափոխը կատարվել է: Ընդամենը հինգ րոպե էր անցել, մեկ էլ հակառակորդը գործի դրեց հրետանին` թիրախավորելով վաշտի հրամանատարական դիտակետից մինչև դիրքն ընկած հատվածը: Օդային կապով տղաներիս հրահանգավորեցի մտնել նախատեսված թաքստոց:

Դիրքում հերթապահությունը շարունակում էին դիտորդները, որոնք էլ նկատեցին հարձակվող հակառակորդին: Դիրքի ավագը այդ մասին զեկուցեց ինձ, ես էլ՝ գումարտակի հրամանատարին: Բաց ճանապարհով անմիջապես որոշեցի հրամանատարական դիտակետից օգնության հասնել դիրքի իմ զինվորներին: Տեղ հասնելուն պես՝ դիտարկում կատարեցի: Հակառակորդն առաջացել էր միջդիրքային տարածքով, հասել Լյալյա-Իլյագի բարձունք և, զբաղեցնելով նպաստավոր դիրք, գնդացիրներից ու «Մուխա» տիպի նռնականետներից կրակ էր վարում խրամաբջիջների ուղղությամբ: Նրան աջակցում էր հրետանին: Անձնակազմն անցել էր շրջանաձև պաշտպանության: Ժամկետային զինծառայող Ադամ Սահակյանը ղեկավարում էր մարտը փորձառու զինվորականի համարձակությամբ ու վարպետությամբ: Անձնակազմը գործում էր ըստ մարտական հաշվարկի` առանց իրարանցման: Հիացած էի իմ զինվորներից յուրաքանչյուրով: Կրակում էին ու կրակում: Տղաներս ոգևորված էին, նրանց աչքերը կայծեր էին արձակում: Հակառակորդի հարյուրից ավելի հատուկջոկատայիններն արդեն խոցված էին: Մարտը շարունակվում էր: Զինվորներից երեքին ուղարկեցի հրամանատարական դիտակետ` պահուստային զինամթերքը դիրք հասցնելու համար: Երկար մարտից հետո մարտապաշարը վերջանալու վրա էր:

Ինձ կապի միջոցով տեղեկացրին, որ դիրքի անձնակազմին օգնության է շտապում զորամասի հինգ սպաներից բաղկացած խումբը` փոխգնդապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքումյանը և ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը: Ոգևորվեցինք: Սանհրահանգիչ, ժամկետային զինծառայող Սաշա Գալստյանին հրահանգավորեցի նպաստավոր դիրք զբաղեցնել գետնատնակի մոտակայքում և «Ուտյոս» տիպի գնդացրով կրակ վարել հակառակորդի ուղղությամբ:

Նա գերազանց կատարեց իր խնդիրը և ճնշեց հակառակորդին, նրա դիպուկ կրակի շնորհիվ ապահովվեց օգնական ուժի անվնաս ժամանումը: Տեղ հասնելուն պես խումբը միանգամից նետվեց մարտի: Սպաների ժամանումից կես ժամ էր անցել, երբ տեղեկացա, որ սանհրահանգիչը գլխից ծանր վիրավորվել է: Կապի միջոցով փորձեցի կազմակերպել նրա տարհանումը, սակայն կրակն ուժգին էր: Բժիշկները չկարողացան մոտենալ:

Դիրքից հրամանատարական դիտակետ տանող ճանապարհը կրակի տակ էր, ուստի որոշեցի ինքս գնալ զինամթերքի ետևից: Տեղ չհասած՝ հանդիպեցի վիրավոր սանհրահանգչիս: Նրա կողքին էին երեք զինվորները, որ շարունակում էին մարտ վարել: Հանձնարարեցի վիրավոր Սաշային հասցնել մոտակա բլրի ետևում սպասող մեքենային: Հույս ունեի, որ դեռ հնարավոր է փրկել զինվորիս կյանքը: Սակայն Սաշան չփրկվեց…

Հրամանատարը լռում է: Լռում է երկար: Եվ շարունակում է, երբ իմ հայացքը հանդիպում է նրա աչքերին:

-10-20 րոպե էր անցել: Պետք է վերադառնայի դիրք, սակայն ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը կապի միջոցով տեղեկացրեց, որ դիրքում բոլորը զոհվել են, որ հանկարծ այնտեղ չգնամ: Մաքսիմի հետ կապն ընդհատվեց: Չէի կարող համակերպվել մտքի հետ՝ տղաները չկան: Ընդամենը րոպեներ առաջ բոլորը ողջ և առողջ էին: Ինչ գնով էլ լիներ՝ պետք է բարձրանայի դիրք: Հասա գետնատնակ: Այդտեղ հանդիպեցի փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանին: Նա ասաց, որ հակառակորդը խրամատով իջնում է մեր ուղղությամբ: Դիրքավորվել և նորից մարտի բռնվել` սա մեր որոշումն էր: Սակայն Օնիկը չհասցրեց, վիրավորվեց և գլորվեց ձորը: Թշնամին ինձ չէր նկատել, փորձում էր արագ լիցքավորել զենքը: Ընդամենը հինգ փամփուշտ ունեի: Մենահատ կրակոցով ոչնչացրի զինընկերոջս հրազենային վիրավորում հասցրած հատուկջոկատայինին: Այնուհետև խոցեցի չորս մետր հեռավորության վրա երևացող հակառակորդի ևս երկու զինծառայողների: Զենքս այլևս չկրակեց:

Ուզում էի վերցնել Օնիկի` խրամատում մնացած ինքնաձիգը, սակայն հակառակորդն ինձ թիրախավորեց, ապա և կրակեց: Վիրավորվեցի: Գլորվեցի ձորը: Մտածեցին` զոհվել եմ, և չշարունակեցին հետապնդել: Օնիկն ինձնից 10 մետր հեռավորության վրա էր` ամբողջությամբ արյան մեջ: Հանեցի զրահաբաճկոնը: Վիրավոր ընկերոջս գրկած 30 մետր առաջ վազեցի, սակայն նա խնդրեց, որ կանգ առնեմ: Ինձ հանձնարարեց. «Որդուս` Հովիկիս կփոխանցես, որ ընտանիքի և հայրենիքի համար այսուհետ ինքն է պատասխանատու»:

Հենց այդ պահին էլ հակառակորդը նկատեց ինձ և բարձունքից գնդացրով կրակ բացեց իմ ուղղությամբ: Վրիպեց: Առավոտյան 9:30-ին արդեն գումարտակի հրամանատարական կետում էի: Այստեղ մտածում էին, թե մյուս՝ բարձունքի թիկունքում գտնվող դիրքի զինվորներս զոհվել են: Բայց ես գիտեի, որ տղաներն այնտեղ են: Մարտի ժամանակ կապի միջոցով լսում էի, թե ինչպես է դիրքի ավագը` Գուրգեն Հովհաննիսյանը, ղեկավարում անձնակազմը: Նրանք աջակցում էին հարևան դիրքում ամրացածներիս` մեկը մյուսի ետևից շարքից հանելով ուսապարկերով բարձունք զենք տեղափոխող հակառակորդի զինծառայողներին:

Միայն այդ դիրքի մատույցներում ոչնչացվել է 50-ից ավելի թշնամի: Ես գիտեի, որ հնարավոր չէ բարձունքի թիկունքում գտնվող դիրք զինամթերք հասցնել, քանի որ ճանապարհը կրակի տակ էր: «Նահանջե՛լ»,- հրամայեցի կապի միջոցով: Ի պատասխան, դիրքի ավագն ասաց. «Ես դիրքս չեմ թողնի»: Նորից գոռացի` «Նահանջե՛ք», իսկ Գուրգենը նորից հակաճառեց. «Պարո՛ն հրամանատար, մենք մեր դիրքը չենք տալու»:

Նրանք նահանջեցին միայն վեց ժամ անց, երբ այլևս անիմաստ էր այդտեղ մնալ: Այսօր նույն տղաները մարտական հերթապահություն են իրականացնում մեկ այլ կարևոր կետում:

Ինչ վերաբերում է բարձունքի թիկունքում գտնվող N մարտական դիրքին, ապա դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանը օդային կապով տեղեկացրեց, որ բոլորը զոհվել են, և իրենք կռիվը շարունակում են երկուսով: Ցավոք, ժամեր անց զոհվեց նաև Աշոտը, իսկ նրա կողքին կռվող զինվորը վիրավոր հասավ գումարտակի հրամանատարական կետ:

Օրեր անց Հարություն Նալբանդյանինևս մեկ փորձություն էր սպասում: Ապրիլի 11-ին նա պիտի հաղթահարեր իր զոհված ընկերների աճյունները ճանաչելու դժվարին գործը: Այդ մասին նա չի պատմում, այդ մասին նա հրաժարվում է խոսել:

-Տղաները իմ հիշողության մեջ կմնան այնպիսին, ինչպիսին մարտի ժամանակ էին` խրոխտ, համարձակ, աննկուն, զենքերը ձեռքներին: Նրանք փառահեղ էին կռվում: Նրանք հավատացած էին իրենց ուժին և չնահանջեցին: Մենք մարտի բռնվեցինք մի գումարտակի հետ, որի անձնակազմը գործում էր թմրադեղերի ազդեցության տակ, որի կազմում միայն փորձառու զինվորականներ էին: Չեմ կարող ասել, թե հակառակորդի մարտավարությունը սխալ էր: Թշնամին միայն մեկ բան հաշվի չէր առել, որ տակավին պատանի մեր զինվորը այդպես կդիմադրի: Նրանք մտածում էին, որ կես ժամվա ընթացքում կգրավեն դիրքն ու կշարունակեն առաջխաղացումը, բայց այդպես չեղավ: Իմ վաշտը հյուծեց նրանց գումարտակի ուժը, խափանեց առաջխաղացման նրանց ծրագիրը: Հակառակորդը ո՛չ հոգեբանորեն, ո՛չ ֆիզիկապես պատրաստ չէր չորս ժամ տևողությամբ մարտի…

Ես հիմա միայն մի բան եմ ուզում, որ իմ վաշտի փրկված տղաներին խրախուսեն, հերոսացնեն: Նրանք իրենց ուժերից շատ ավելի մեծ գործ են կատարել, նրանք հերոսներ են:

Մենք դեռ երկար զրուցում ենք: Իսկ երբ ուզում եմ լուսանկարել ավագ լեյտենանտին, նա ոտքի է կանգնում. «Միայն ոչ հիվանդասենյակում, ես շարքում եմ, ես դեռ հաշիվներ ունեմ մաքրելու հակառակորդի հետ»:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
hayzinvor.am