Երեկ՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ «հարգելով օսմանյան հայերի հիշատակը», ովքեր կորցրել են իրենց կյանքը Առաջին աշխարհամարտի ժամանակ Արևելյան Անատոլիայում:
Ըստ Anadolu լրատվական գործակալութան՝ հայտարարությունը Ստամբուլում ընթերցել է Թուրքիայի հայկական եկեղեցու առաջնորդը 1915 թվականին սպանված հայերի ոգեկոչման արարողության ժամանակ:
Էրդողանը դիմում է Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ գրելով․ «Ողջունում և հարգանքներս եմ հղում մեր հայրենակիցներին, որոնք այսօր Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի տանիքի ներքո հավաքվել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերին հիշատակելու նպատակով: Գոհունակությունս եմ հայտնում, քանի որ այսօրվա արարողությունը մեկ անգամ ևս կատարվում է Թուրքիայում, որը ամենաիմաստալից տեղն է՝ ոչ միայն կիսելու օսմանյան հայերի կրած վիշտը, այլև ոգեկոչելու նրանց հիշատակը
Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պարտականությունները երբեք չեն անտեսվում, ուրախությունն ու ցավն էլ կարող են անկեղծորեն կիսվել: Ահա այդ գաղափարի, մեր պատմական գիտակցության ու մեր մարդկության մտահորիզոնի համաձայն մենք պետք է շարունակենք տեր կանգնել օսմանյան հայերի հիշողություններին: Շարունակելու ենք հիշել ու հիշեցնել թուրքերի ու հայերի համատեղ ապրելու այն մշակույթը, որը առկա է գրեթե հազար տարի:
Մենք չենք հրաժարվելու բարեկամությունն ու խաղաղությունը նպատակ ունենալով՝ աշխատել նրանց դեմ, ովքեր կցանկանան ատելության ու թշնամության հռետորություններով միմյանցից հեռացնել այն երկու հարևան ժողովուրդներին, որոնք ունեն ընդհանուր պատմություն ու նման ավանդույթներ, և ովքեր քաղաքականացնում են պատմությունը: Մեկ անգամ ևս հարգանքով հիշատակում եմ այն օսմանյան հայերին, ովքեր կյանքից հեռացել են, ու ցավակցություն եմ հղում նրանց զավակներին ու թոռներին»: