Երեկ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում 2014թ. անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը:

ՀՀ կառավարության 2013թ.ապրիլի 25-ի 402 - Ն որոշման համաձայն` հանրապետությունում գյուղատնտեսական համատարած հաշվառում (ԳՀՀ) նախատեսվում է անցկացնել 2014 թ. հոկտեմբերի 11-31-ը: Մինչ այդ, 2013 թ. հոկտեմբերի 11-31-ը փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի մարզի Շահումյան, Ազատավան եւ Նոր Խարբերդ, Կոտայքի մարզի Նոր Գեղի եւ Տավուշի մարզի Բերդ, Գանձաքար եւ Այգեհովիտ համայնքներում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը տեղեկություններ ներկայացրեց ԳՀՀ-ի անհրաժեշտության, էության եւ կազմակերպչական հարցերի վերաբերյալ:

Նշվեց, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք ԳԳՀ-ի նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, գյուղտեխնիկայի, գյուղնշանակության շենք-շինությունների, առկա ներուժի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումն է: Ակնկալվում է, որ ԳՀՀ-ն հնարավորություն կընձեռի բարելավել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ վիճակագրությունը, ձեւավորել տվյալների ամբողջական համակարգ, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ, բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:

ՄԱԿ-ի ուղեցույցների համաձայն` անդամ երկրները պարտավոր են առնվազն տասը տարին մեկ անգամ ԳՀՀ անցկացնել:

Ստեփան Մնացականյանը ներկայացրեց նաեւ 2014 թ. ԳՀՀ նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման ծախսերի նախահաշվի նախագիծը: Ընդհանուր նախահաշիվը 2013-2016թթ. համար կկազմի 1,8 մլրդ դրամ:

Հանձնաժողովը որոշեց հավանության արժանացնել ծախսերի նախահաշիվը` համաձայնելով, որ այն կարող է ըստ համապատասխան տարիների պետական բյուջեների մասին ՀՀ օրենքների ենթարկվել փոփոխության` հաշվի առնելով պետական բյուջեից հատկացումների հնարավորությունները, միջազգային կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների կողմից հնարավոր տրամադրվելիք դրամաշնորհային ծրագրերի առանձնահատկությունները, ինչպես նաեւ ԳՀՀ-ի նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման նախատեսված գործիքակազմի կատարելագործման հնարավորությունները:

Ա. Գեւորգյանն առաջարկեց ինտենսիվ աշխատել միջազգային դոնոր հանրության հետ` ԳՀՀ անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական աջակցության ստացման ուղղությամբ: Նա նաեւ կարեւորեց հանրային իրազեկման համապատասխան աշխատանքների իրականացումը` բնակչության շրջանում գործընթացի վերաբերյալ ճիշտ պատկերացում ձեւավորելու համար: Ա. Գեւորգյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց մեկամսյա ժամկետում ԳԳՀ ծրագրի նախագծի վերաբերյալ ԱՎԾ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Հանձնաժողովի նիստից հետո Ա. Գեւորգյանն առանձին խորհրդակցություն անցկացրեց մարզպետների մասնակցությամբ: Քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների, հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Ներկայացվեցին նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. չորս ամիսների ցուցանիշները: Նշվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95,4 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 14 տոկոսով: Ա. Գեւորգյանը կարեւորեց այդ ուղղությամբ տարվա ընթացքում մշտական հետեւողական աշխատանքի իրականացումը եւ մարզպետներին առաջարկեց հարցն ուշադրության կենտրոնում պահել:

Ա. Գեւորգյանը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ աղբահանության խնդիրների եւ հատկապես ճանապարհամերձ հատվածների մաքրության վրա` առաջարկելով համայնքապետերին հորդորել պատշաճ կերպով կատարել իրենց պարտավորությունները:

Քննարկվեցին նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի իրականացման ընթացքի, ուսումնական տարվա ավարտի հետ կապված եւ մի շարք այլ հարցեր: