Երեկ՝ ապրիլի 25-ին, հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի գործով նոր մանրամասներ են հայտնի դառնում: Լրատվամիջոցներից որոշների հետ զրույցում հարևաններից մեկը հայտնել է, որ երեկոյան տանից լսել է վիճաբանության ձայներ: Նա դեպքից առաջ եղել է Երևանում գտնվող մոր տանը:
Իսկ այժմ հայտնի է դարձել, որ ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդը իր մոր հետ գույքային վեճ է ունեցել: Life.panorama.am-ի աղբյուրի տեղեկացմամբ, մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել էր մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել:
Միջադեպի պահին տղամարդը պայթուցիկով ուղևորվելիս է եղել մոր տուն, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:
Աղբյուրը փոխանցում է նաև, որ 55-ամյա տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Նշենք, որ Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը: