«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ, օրվա առաջին կեսին, քանի դեռ չէին հրապարակվել Սերժ Սարգսյանի հրամանագրերը, որով նա պաշտոնից հեռացրեց պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի երկարամյա պետ Ալիկ Միրզաբեկյանին, գեներալ-մայոր, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին և ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանին, հետաքրքրվել էինք պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե մամուլում լուրեր եղան, որ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը տեղեկացված է եղել թշնամու զորաշարժի մասին և դրան ուշադրություն չի դարձրել, այդպե՞ս է։ «Էժանագին, կեղտոտ, նույնիսկ, կարելի է ասել` ծիծաղելի հերյուրանք է:
Տեքստը տեսե՞լ եք. հայերենից սկսած, մինչև իրավիճակի տիրապետման մասին գնահատականները ծիծաղելի են: Հետախուզությունը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի առաջարկում գլխավոր շտաբի պետին ինչ-որ բան անել, ընդամենը զեկուցում է: Հետո` զորքերն առաջին գծից հանելու մասին այդ դիտարկումը. ռազմական տրամաբանության մեջ, դա հիմարություն է»,- առանց աչքը թարթելու, ստեց դեռևս նախագահի հրամանագիրը չկարդացած խոսնակը։ Բայց ասում են՝ Սերժ Սարգսյանը որոշակի դժգոհություններ ունի հետախուզության հետ կապված, հարցրինք Ա․ Հովհաննիսյանին, քանի որ մենք էլ դեռ տեղյակ չէինք ՀՀ նախագահի հրամանագրերից։
«Որևէ նման բան փաստարկված գոյություն չունի. Հայաստանի և ռազմաքաղաքական ղեկավարությունը, և նախարարն անձամբ, և ղեկավար կազմից այլ մարդիկ խիստ հանգամանալից ներկայացրել են այդ օրվա բոլոր դետալները` բաց կամ փակ քննարկումների ընթացքում, և ռազմական գործը կատարվել է շատ հմուտ ու տեղը տեղին»: Մի քանի ժամից այդ «հմուտ և տեղը տեղին» աշխատող ռազմական ղեկավարներն ազատվեցին աշխատանքից։ Կարծում ենք՝ հաջորդը պետք է ազատվի այս օրերին ստի մեջ մասնագիտացած խոսնակը ևս»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: