Քիչ առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարեկեց ՀԱԿ կուսակցության անդամներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով վճռաբեկ դատարանի որոշումը: Վճռաբեկ դատարանը որոշեց բեկանել տվյալ գործով Վերաքննիչ դատարանի վճիռը եւ գործը ուղարկել լրացուցիչ քննության:

Հիշեցնենք, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը վճիռ կայացնելու էր Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների ՝ Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի և Տիգրան Առաքելյանի նկատմամբ, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն՝ բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշեց. «Դատական ամբողջ համակարգը խամաճիկ է Սերժ Սարգսյանի ձեռքում և տարիներ շարունակ որոշումները ընդունում են ռեժիմի քաղաքական հաշվարկներից ելնելով: Ես նորից ակնկալիքներ չունեմ, մենք շարունակելու ենք մեր ակցիաների միջոցով և միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել տղաների գործը»: