Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության, ինչպես նաև երեք նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել իրենց նորանշանակ ղեկավարներին` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին: 
Կառավարության աշխատակազմին ներկայացնելով Վաչե Գաբրիելյանին՝ վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ Վաչե Գաբրիելյանն իր փորձով, գիտելիքով կարող է լավագույնս իրականացնել այս աշխատանքը: Միևնույն ժամանակ, մենք քաղաքական որոշում ենք կայացրել, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի կարգավիճակը պետք է բարձրացվի: Այսօր կառավարությունը հավանության է արժանացնելու մի օրինագիծ, որով աշխատակազմի ղեկավարն ունենալու է նախարարի կարգավիճակ: Քանի որ մենք գտնվում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում և տարբեր ոլորտներում իրականացվում են տարբեր բարեփոխումներ, անհրաժեշտություն է առաջանում կոորդինացնել մի քանի գերատեսչությունների բարեփոխումները: Այդ տեսակետից, պարոն Գաբրիելյանի վրա պարտականություն է դրվելու, որպեսզի նա կոորդինացնի կրթության, առողջապահության և կառավարման ապարատի ոլորտներում բարեփոխումները»:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության աշխատակազմի նոր ղեկավարից պահանջվելու է այնպիսի աշխատանք, որպեսզի նշված բնագավառներում մոտ ժամանակահատվածում արձանագրվեն շոշափելի արդյունքներ: Վարչապետի կարծիքով՝ առաջիկա տարիների ընթացքում հնարավոր կլինի քաղաքացիների համար ապահովել շոշափելի և տեսանելի արդյունքներ:
Ներկայացնելով սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարին՝ վարչապետը նշել է. «Մարզաշխարհը Յուրի Վարդանյանին շատ լավ է ճանաչում: Դժվար էր գտնել մի մարդու, ով լավ է պատկերացնում, թե ինչ բան է լինել մարզիկ, ինչպիսին է նրա կյանքը, ինչպիսի կարիքներ ունի նա և մենք ինչպես պետք է օժանդակենք սպորտի զարգացմանը: Այդ տեսակետից, համոզված ենք, որ պարոն Վարդանյանի փորձը և գիտելիքը հնարավորություն կտան, որպեսզի այս բնագավառում արձանագրենք լուրջ հաջողություններ»:
Խոսելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի մասին՝ Տիգրան Սարգսյանը նախ հիշեցրել է, որ նա Հայաստանի լավագույն տնտեսագետներից մեկն է, ունի աշխատանքային մեծ փորձ՝ ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ՝ մասնավոր հատվածում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վահրամ Ավանեսյանն այս տարիների ընթացքում աշխատել է տնտեսագիտական հետազոտական ոլորտում, համագործակցել է գործադիրի հետ և մասնակցել կարևորագույն փաստաթղթերի, այդ թվում՝ Կայուն զարգացման նոր ռազմավարության մշակմանը: «Նա քաջատեղյակ է գրեթե բոլոր խնդիրներին, որոնք այսօր կանգնած են կառավարության առջև: Համոզված եմ, որ այս փոփոխությունը սահուն կլինի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Տիգրան Դավթյանն իր հետագա գործունեությունը կշարունակի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ: Տ.Դավթյանի առջև խնդիր է դրված՝ նպաստել Հայաստանից արտահանման խթանմանը և աշխատել, որպեսզի հայրենական ապրանք արտադրողներն իրենց ապրանքներն արտահանելիս չհանդիպեն լուրջ խնդիրների: 
Ներկայացնելով ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին՝ վարչապետը նշել է. «Դավիթ Սարգսյանն ունի մեծ փորձ և գիտելիք: Համոզված եմ, որ նրա կազմակերպչական ու մասնագիտական կարողություններն օգտակար կլինեն ֆինանսների նախարարի պաշտոնում: Մեզ սպասվում են լուրջ բարեփոխումներ, ուստի բավականին մեծ ծանրություն է ընկնում հենց ֆինանսների նախարարության վրա: Համոզված եմ, որ Դավիթ Սարգսյանի ղեկավարությամբ նախարարությունում ձևավորված կոլեկտիվը կկարողանա իր առջև դրված բոլոր խնդիրներն արդյունավետ իրականացնել»:
Նախկին և նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին գնահատականների և ցուցաբերած վստահության համար։