Արցախում ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ իրականացնելուց զատ «Հայրենասեր» կազմակերպությունը ամերիկաբնակ հայերի հանգանակություններով դրամական երախտագիտական նվիրատվություն է կատարում քառօրյա պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց կազմակերպության հիմնադիր, ամերիկաբնակ Ստեփան Սարգսյանը, ծրագիրը շարունակական է լինելու և հետագայում ներառելու է նաև աջակցություն վիրավորների ընտանիքներին:
Կազմակերպությունը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի հատկացնում է 500 ԱՄՆ դոլար և երախտագիտական նամակ այն զոհաբերության համար, որին գնացել է այդ ընտանիքի զինվորը:
Կազմակերպության ներկայացուցիչներն արդեն այցելել են Արմենակ Ուրֆանյանի, Գեղամ Մկրտչյանի, Աղասի Ասատրյանի, Հրաչ Մուրադյանի, Բագրատ Ալեքսանյանի, Տիգրան Բերակչյանի, Սարգիս Խալաֆյանի, Ռոբերտ Աբաջյանի, Մասիս Թովմասյանի, Սասուն Մկրտչյանի, Նորայր Հաջիյանի ընտանիքներին:
Սփետան Սարգսյանը տեղեկացրեց, որ դիրքապահների համար էլ 100 քնապարկ են արդեն ուղարկել Արցախ: «Քաշաթաղի շրջվարչակազմի միջնորդությամբ ապրիլի 21-ին Բերձոր հասցվեց 100 հատ քնապարկ, որը տարվել է առաջնագիծ: Սա դեռ սկիզբն է, կա ծրագիր ավելի մեծ քանակությամբ նման անհրաժեշտ պարագաներ հատկացնելու բանակին»,-ասաց Ստեփան Սարգսյանը: