ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 6 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
2016 թվականի մայիսի 01-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի հատվածում, ճանապարհի ձախ ուղեմասում միմյանց են բախվել «Mercedes-Benz C220» մակնիշի և «KIA CERATO 1,6» ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Mercedes-Benz C220» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված Ատոմ Նալբանդյանը (ծնված 07.04.1991թ.), Հայկ Մարտիրոսյանը (ծնված 10.11.1986թ.), Մհեր Խաչատրյանը (ծնված 01.05.1984թ.) և «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնված Սուրեն Գրիգորյանը (ծնված 04.04.1984թ), վերջինիս կինը՝ Մարգարիտա Ավետիսյանը (ծնված 31.12.1987թ), նրանց մանկահասակ աղջիկը մահացել են, իսկ «KIA CERATO 1,6» մակնիշի ավտոմեքենայի մանկահասակ ուղևորուհի, 2-ամյա Հասմիկը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են դիակների հագին եղած հագուստները, ոստիկանության բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու և ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: