Artsakhpress-ի փոխանցմամբ այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին, մասնավորապես ասել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները գործում են հաստատակամ ու վստահ:
«Կարծում եմ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը,որի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: