«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայտնի հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը 4 տարի է՝ Մոսկվայում է ապրում։ Նա Երևան է եկել «Հայկական վերածնունդ» կուսակցության հայտարարած հեռուստամարաթոնը վարելու, որի ժամանակ մոտ 250 հազար դոլար է փոխանցվել Ղարաբաղի կառավարության հաշվեհամարին։ Բայց պարզվեց՝ նա այլ առաջարկ էլ է ստացել։
«Ինձ առաջարկել են Հ3 հեռուստաընկերությունում գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Նաև առաջարկեցին, որպես փորձառու լրագրողի, որը մարաթոն վարելու երկար տարիների փորձ ունի, գալ՝ իրենց աջակցել։ Ու քանի որ ամենակարևոր նպատակը բարի էր, ես չեմ ափսոսում, որ եկել եմ, քանզի բավականին մեծ գումար հավաքեցին»-ասաց նա։
Նկատենք, որ իշխանական շրջանակներից մեծահարուստները չէին արձագանքել դրամահավաքին, որն ուղղվելու էր բանակին։ Ղուշչյանն այս առնչությամբ ասաց. «Ցավոք՝ այո։ Դե, հիմա, գիտե՞ք ինչ կա։ Ես արդեն 4-5 տարի է՝ դրսում եմ, էդ ներիշխանական բաներին մոտ չեմ կանգնած, չգիտեմ»։ Իսկ կընդունի՞ Հ3-ում պրոդյուսեր աշխատելու առաջարկը։ «Դե, ասացի՝ կմտածեմ։ Հիմա կարևորը մարաթոնն էր, որոշեցի գամ, վարեմ, մնացածը երկրորդական է, դեռ կմտածեմ։ Հիմա գնում եմ, որ վերադառնամ, կորոշեմ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: