Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալով վերջ դրվեց հայ-թուրքական տխրահռչակ հարաբերություններին, քանի որ դրանց ճարտարապետը հենց Դավութօղլուն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ խոսելով Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հրաժարականի մասին:
Նա նշեց նաև, որ Դավութօղլուն իր էությամբ բավականին հավասարակշիռ էր, մտավորական էր, ակադեմիական աշխարհի ներկայացուցիչ էր, նույնիսկ ուներ ռազմավարական նշանակության գրքեր:
««Ռազմավարական խորություն» գրքի հեղինակը, փաստորեն, տապալվեց: Նա հարևանների հետ «զրո խնդիրով» սկսեց, բավական բուռն էր նրա մուտքը: Հիմա արդեն իրավիճակը բացառապես տիրապետելու է Էրդողանը, որևէ դիվանագիտական, քաղաքակրթական բանից խոսելն արդեն անիմաստ կլինի»,- մանրամասնեց թուրքագետը:
Ինչպես նշեց Անդրանիկ Իսպիրյանը, Էրդողանը չներեց Դավութօղլուին, քանի որ Դավութօղլուն փորձում էր վարչապետ լինել և վարչապետ զգալ: Դավութօղլուին Էրդողանը նշանակել էր ուղղակի վարչապետ աշխատելու: