Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի և Իգոր Հակոբյանի աճյունները:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նրանց հուղարկավորությունը կատարվեց զինվորական կարգով և վերածվեց համաժողովրդական ոգեկոչման ու խոնարհումի արարողության:
Վերին Գետաշեն գյուղում Իգոր Հակոբյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, զինվորականներ, Վերին Գետաշենի և հարակից համայնքների հազարավոր բնակիչներ: Հոգեհանգստյան և թաղման կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր-Սիմոն քահանան: Իգոր Հակոբյանի աճյունը հողին հանձնվեց զինվորական նվագախմբով, պատվո համազարկերով: Գեղամասար գյուղում Կորյուն Հարությունյանի հուղարկավորությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի զինծառայողները, Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը, Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեգյանը, Գեղամասարի և հարակից համայնքների բնակիչներ, զոհված զինծառայողի դպրոցական ընկերները: Զինվորականները և համագյուղացիները Կորյունի աճյունը հայրական տնից մինչև շիրմատուն տարան ձեռքերի վրա՝ քայլելով ավելի քան 2 կիլոմետր: Գյուղապետարանի շենքի դիմաց կազմակերպված սգո միտինգում՝ Հայոց եռագույնի ներքո, խոսք հնչեցրեց ՀՀ ՊՆ Վարդենիսի զինկոմ Գարիկ Առաքելյանը:
«Հայրենակիցներ, հերթական ցավալի զոհն ենք ունեցել, որը ծանր կորուստ է ինչպես Հարությունյանների ընտանիքի, այնպես էլ Գեղամասարի ու մեր ողջ ազգի համար: Լիազորված եմ հայտարարելու, որ Կորյունը զոհվել է մարտական հանձնարարություն կատարելիս: Բացի այդ, նա եղել է առաջնագծում, մարտնչել հայրենի հողի պաշտպանության դիրքերում, իր հերոս ընկերների կողքին: Համարեք նրան հերոսացած մարտիկ: Ցավում ենք ու խոնարհվում նրա շիրիմի առաջ»,-նշեց Գարիկ Առաքելյանը:
«Հարգելի հայրենակիցներ, մենք այս սգի մեջ անգամ պիտի պինդ կանգնենք, որ սահմանին կանգնած հայ զինվորն իրեն ամուր զգա, պիտի լինենք միաբան, այլապես մեզ այլ դաշնակից ու օգնող չկա: Այս բազմամարդ թափորը հուշում է, որ մեր սիրելի զավակը սրբորեն է կատարել պարտքը հայրենիքի հանդեպ»,-իր խոսքն ասաց Կորյունի ազգական Վրեժ Հարությունյանը:
Կորյուն Հարությունյանի աճյունը ևս հողին հանձնվեց զինվորական նվագախմբով, պատվո համազարկերի ներքո: Հոգեհանգստյան և թաղման կարգ կատարեց Գեղարքունյքց թեմի Հոգևոր հովիվ Տեր-Պսակ քահանան: