Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «1992-ի փետրվարից սկսած` Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի դրությունն անտանելի էր: Ստեղծվել էր կիսաօղակ, որը Ստեփանակերտը պահում էր մշտական գնդակոծության տակ»,- պատմում է Շուշիի ազատագրման գործողության հեղինակ նշանավոր Կոմանդոսը` Արկադի Տեր-Թադևոսյանը: Փետրվարի կեսերից հրթիռները կարկուտի նման թափվում էին Ստեփանակերտի և Շուշիի վրա` սփռելով ավերածություններ: Ստեփանակերտը գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, բացակայում էին տարրական կենցաղային պայմանները, չկար ոչ հաց, ոչ ջուր: