Լույսը բացվեց ագռավների զզվեցնող կանչերով, մի երկու մեքենա անցան դանդաղկոտ, չուզելով՝

Հերոսները…

Գիշերվանից լռած վերելակն առաջին անգամ դռդռաց, սպասեց, էլի դռդռաց՝
Հերոսները…

Առաջին սիգարեթը սոված փորին, պատշգամբում, թեթև հովիկը քշում է ծուխը, քաղաքը դեռ մոխրագույն է, կիսատ երազներս նույնպես: Սուրճ երբեք չեմ խմում, էդ իմաստով հայ չեմ՝

Հերոսները…

Նոր բան չկա ֆեյսում, կապույտի ու ճերմակի լղոզված ֆոնին կարմիր քառակուսիներն աչք չեն ծակում, զինվոր չի մեռել, փառք աստվածներին՝ հիմնականում հին նյութեր են տխմար կոչերով՝ ՙՇտապ, տարածել…՚: Տարածելու բանն ինքնիրեն կտարածվի, գլուխս մի տարեք դեղնած ժուռնալիստներ՝

Հերոսները…

ՙՄենք ճամփա ընկանք առավոտ ծեգին,

Կապույտ երկնքի խորությամբ արբած:՚՝

Հերոսները…

…Սաքոն տվեց իր երկու նռնակներից մեկն, ասեց՝ ՙՊետք կգա, հարազատ՚: Քնեցի նռնակը գրպանս, կալցոն սաղավարտիս մեջ դրած, ավտոմատի փողը սեղմած թշիս, փոկը ձեռքիս փաթաթած: Զորանոցում քրտինքի ու չլվացած ոտքերի հոտ էր, պատուհանները սև կտորով ծածկած էին: Հեռախոսը դռռաց, ինձ թվաց դռոնի ձայն է՝

Հերոսները…

Հազար տեսակ բույս է աճում զմրուխտ լեռների լանջերին, ճանապարհին ճերմակ թերթաքարից լքված տներ են կանաչի մեջ, տկլոր գանգերի ակնախոռոչներ հիշեցնող քանդված լուսամուտներով: Ասում են՝ հիվանդանոցը Ալևի ամառանոցն էր սովետի ժամանակ: Ամառանոցներ շատ ուներ Ղարաբաղում՝

Հերոսները…

Առաջին պատերազմը տեսած կամավորները երկար վիճում էին՝ շիլկա՞ էր, թե՞՝ տռասս՝ մութ լեռների վրա, մոլորված աստղի պես թափառելով թարթում էր անօդաչուի ճերմակ աչքը՝ վրան անընդհատ կրակում էին, չիմացանք՝ կպա՞ն, թե չէ՝

Հերոսները…

Ուշ գիշեր, սպիրտայրոցի վրա տաքացրած տուշոնկայից համեղ կերակուր չկա՝ մի ութ ձեռք հացը թաթախում են յուղոտ ափսեի մեջ, կոպիտ կատակների ուղեկցությամբ ուտում ենք` մի տեսակ չի լինում չհայհոյել: Երրորդ օրն է՝ սպասում ենք թուրքի դեսանտին, անտերը չկա ու չկա, չի իջնում: Ճամփեն չեն գտնում երևի մամայաք…րը: Հերթով կպցնում ենք էժան, թունդ սիգարեթները, կողքի սեղանին քլթքլթում է դարչնագույն լաքաներով կարմիր սրճեփը, մեխանիկորեն ինձ էլ են լցնում: Խմում եմ՝ կյանքս չեմ պատմելու, խմի էլի, ո՞վ կհավատա, որ սուրճ չես սիրում, ընկեր տղերքին ուրիշ բանով զարմացրու՝

Հերոսները…

Կարճահասակ, առույգ, շատախոս ղարաբաղցին ցույց տվեց չաստի խանութի տեղը, դեռ հետներս էլ եկավ, որ տեղը չխառնենք: Ասածները լրիվ չէինք հասկանում՝ բոլորս երևանցի էինք: Պեչենի ու լիմոնադ առանք, իրեն էլ հյուրասիրեցինք: Նույն առույգ խոսքուզրույցով գնաց: Հետո, հետ դառնալիս իմացանք՝ հինգ տանկ էր խփել մարդը: Հի՛նգ տանկ՝ բերանով ես ասում…

Հերոսները…

Հրամանատարը վերցրեց ձեռքիցս կիթառն ու ինքը սկսեց նվագել արդեն քնած զինվորների խաղաղ խռնմփոցի տակ, իր երկաթե, մռայլ ձայնով՝ աջ ձեռքի ցուցամատը չկա, նռնականետի պայթյունից վնասվել է, զարմանալի է՝ ո՞նց է նվագում: Երբեք չէի լսել էդ տեսակ ՙԹռչեի մտքով տուն՚՝ ես հասկացա, որ էդ երգը երգող զինվորն էլ տուն չի դառնալու, վաղուց արդեն չկա էդ զինվորը, Ղարաբաղի դրախտային կանաչում մի տեղ ծվարել է նրա գերեզմանը: Իսկ երգը մնացել է օդում, քամու թևով քշվելով՝
Հերոսները…

Հիվանդանոցի դիմաց, քթիս առաջ անվերջ շինարարության աղմուկն է, կռունկի պոչը գլխավերևովս հետուառաջ է անում, ծանր բետոնե հակակշիռը տանել-բերելով: Ոչ մի միտք մինչև վերջ մտածել չի լինում՝ կամ հիշողություններն են խանգարում, կամ անտանելի հազը, կամ էլ՝ գիշերվա անիմաստ, մեռելային լռությունը: Մերոնք դեռ Ղարաբաղում են, զանգեցի, իմացա՝ Սաքոյի ոտքերն արյունլվա են եղել, բայց չի իջնում դիրքերից, Խելառ է, նրան համոզել չի լինի: Ի՛նչ լավ էր, որ Երևանի ավտոբուսի պայթյունը տեռակտ չէր: Բժշկուհին պրոֆեսիոնալ հանգստությամբ հայտնեց՝ ՙԾայրահեղ ծանր վիճակ, հանկարծ չծխեք՚: Հա բա ո՞նց, հենց հիմա, վազելով ծխելը թողեցի, բժշկուհի ջան՝

Հերոսները…

Շուտ-շուտ կանչում են հարցազրույցների, ինչ որ խելոք բաներ եմ խոսում հայրենասիրությունից, հայի տեսակից, մեր պատմությունից…ջահել զինվորները վառվող աչքերով լսում են, հոգիներում ալիքներ են փոթորկվում՝ մեկը ոտք չունի, մյուսը՝ ձեռք: Բայց գոնե ողջ են: Խոնավ հողում պառկած են նրանց ընկերները, մեր տղերքը, մեր բալեքը, մեր գենոֆոնդը, մեր կենդանի սահմանը, մեր պարծանքն ու մարած երազները, մեր ամենինչը: Էն տեսակ զգացում է, ասես պարտքով եմ ապրում: Ե՞րբ պիտի էդ պարտքը վերադարձնեմ, ինչո՞վ…

Հերոսները…

Մեքենան տարա գարաժ, հետ էի գալիս՝ փողոցով մի ջահել էր անցնում էնքան նիհար, շալվարն էլ էնքան նեղ, որ զարմացա՝ ո՞նց է մեջը մտել: Հագին առանց օձիքի բարակ ժակետ էր, ականջակալներն ականջներին երաժշտություն էր լսում ու հետն օրորվում էր, մազերն էլ պոչիկ էր կապել…դու էլ ես տղա՝ էն տղե՞րքն էլ…
Հերոսները…

Արամն ասեց՝ ՙՔրիստ ջան, երբ որ մի հայտնի արվեստագետ ա մեռնում, ես հորս-մորս արև մտածում եմ, ասում եմ՝ ավելի լավ էր ես մեռնեի, էդ մարդը սաղ մնար: Հմի քեզ խնդրում եմ, ի սրտե եմ ասում՝ գնա, ախպերս, ես ուզում եմ քո տեղը մեռնեմ՚: Էս ենք մենք, մեզ ո՞վ կհաղթի էսքանից հետո՝

Հերոսները…

Հարյուր ջահել թաղեցինք՝ ոչ մի կերպ ազգովի խելքի չենք գալիս…ու դեռ երկար խելքի չենք գա: Իսկ երբ մեկուկես միլիոն կոտորեցին՝ մարդիկ տեսնես ի՞նչ էին զգում…
Հերոսները:

Քրիստ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: