Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաք Ստեփանակերտում և Շուշի քաղաքում մասնակցում է վաղ առավոտից մեկնարկած Հաղթանակի տոնի 68-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Հանրապետության Նախագահը, Արցախի իշխանությունների, ՀՀ կառավարական պատվիրակության անդամների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ ժամանած հյուրերի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել՝ ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Հանրապետության Նախագահը, տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է նաև Շուշի՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը: Ավելի ուշ Հանրապետության Նախագահը կմասնակցի «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակի բացմանը:
Երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ Նախագահը ներկա կգտնվի եռատոնին նվիրված տոնական համերգին:
Լուսանկարները` 168.am-ի: