Ազգային ժողովը մայիսի 12-ի արտահերթ նիստում քվեարկությամբ ընդունեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 93, ձեռնպահ՝ 9 պատգամավոր: Օրենքի նախագծի նպա տակն է կատարելագործել խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը:

«Արմենպրեսս»-ի հաղորդմամբ՝ այնուհետև խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քվեարկեց և ընդունեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին կողմ քվեարկեց 95, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 103 պատգամավոր:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քվեարկել և ընդունել են «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 7 պատգամավոր:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով մեկ տարով հետաձգվում է կուտակային պարտադիր սոցիալական վճարի պարտադիր պայմանի ժամկետը: Նախագծին կողմ քվեարկեց 94, ձեռնպահ՝ 8 պատգամավոր: