Հայկական զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն, խոսքը ժամանակավոր վերահսկողության մասին է, այն դեպքում, երբ գործողություններն այս կամ այն ձևով դեռևս շարունակվում են: Այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանալի է, որ կարող են շարունակվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակած տվյալներին:
«Թե իր տարածածը, թե նախկինում հնչած թվերն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ընդհանուր առմամբ, իմ վերաբերմունքն այդ մասին ասել եմ: Երբ մարտական գործողություններն այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ գործողություններ կարող են լինել, նման մանրուքները լրջորեն կարող են վտանգել գործողությունները», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հովհաննիսյանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ անցած 20 տարիների ընթացքում այդ մակարդակի դիրքային բարելավումները, հիմնականում հօգուտ հայկական զինված ուժերի, բազմիցս տեղի են ունեցել, բայց ոչ մի անգամ դրանք չեն մեկնաբանվել ու այժմ էլ սխալ է մեկնաբանել:
«Ինչ մնում է կոնկրետ որքան, ինչ ենք կոցրել, ապա նախ նշեմ, որ «կորցնել» բառն ընդհանրապես չեմ ընդունում, որովհետև հայկական զինված ուժերի համար նման երևույթ գոյություն չունի, դա ժամանակավոր վերահսկողություն է և այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանա լի է, որ կարող են շարունակվել: Հակոբյանը նշել է այնպիսի տերմիններ, որոնք ընդհանրապես չեն կիրառվել, նշել է հենակետերի մասին, բայց ընդհանուր առմամբ հարավում ընդամենը մեկ հենակետ կա»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտնած տեղեկություններին, Հովհաննիսյանն ընդգծեց. «Լուրջ չէ նստել, քարտեզի վրա հաշվել: Ավելի անլուրջ է դառնում google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատաստելը: Եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ են ներկայացրել՝ հյուսիսն ու հարավը խառնած, նշել են, որ տեղում չեն եղել, այսինքն չլինելով այնտեղ` հաշվարկներ են կատարել: Ցանկացած զինվորական ցանկացած եզրակացություն կատարելիս պետք է տեղանքում աշխատի: Խորին հարգանք ունեմ ժիրայր Սեֆիլյանի և իր կողքին կանգնած զինվորականների նկատմամբ, ովքեր ունեն երկարա մյա ծառայության փորձ, բայց տարրական ռազմական հմտությունները պահանջում են մի քանի կաննոների պահպանում»,- նկատեց Հովհաննիսյանը: