Հիմա, երբ եվրոտեսիլքն արդեն ավարտվել ա, կարող եմ ասել կարծիքս՝ Իվետան փայլեց, Իվետան շատ հայ էր, կանացի էր, ամենինչ էր: Բոլոր նորմալ տղամարդիկ եվրոպայում /եթե էնտեղ դեռ էդպիսիք կան/՝ հաստատ սիրահարվել են մեր հուրի-փերուն: Եվրոպացիները նոր են հասկանալու էն, ինչ որ ամերիկացիք վաղուց հասկացել են՝ աշխարհի ամենագեղեցիկ, ամենանուրբ, կանացի, խելացի, վստահելի ու գերող կանայք հայուհիներն են: Բայց դե եվրոպայի դարդը մեզ չեն տվել հաստատ, իրանք հակառուսիզմով են գերադասում տառապել՝ համաեվրոպական գրիպ:
Իվետայի երգն էլ իր պես հզոր էր, իրան սազում էր, տանում էր ուրիշ չափումներ:
Թեև հիմա չափանիշները փոխվել են /կամ՝ ջնջվել, անհետացել են/ և երգահանների շրջանում մեղեդային գործեր գրողներին արդեն մատների վրա կարելի ա հաշվել: Երևի բոլոր լավ երգերի մեծ մասն իսկապես գրված ա /դա շատ տարածված տեսակետ ա, թեև մինչև վերջ չեմ կիսում/: Կարճ ասած, էս ամբողջ մրցույթում, ինձ որ հարցնեք՝ մի երգ կար, որը ես երգ կկոչեի և ոչ թե երաժշտական ժամանակակից ստեղծագործություն: Դա հոլանդացու երգն էր, երգն էդպիսին պիտի լինի:
Ինչ վերաբերում ա մուղամբազ ուկրաինուհուն /թեկուզև հայ մայրիկով/՝ չհամոզեց: Այսինքն՝ լավ էր երգում, պինդ ձայն, դիապազոն և այլն /թեև ոչ մեր Իվա-Դիվայի չափ/: Բայց անհարկի, ավելորդ սենտիմենտալություն կար կատարման մեջ, գռեհկությունից մի մազ պակաս կոպտություն, անհասցե տառապանք ու էլի նման հակաբեմական օյինբազություններ: Նավաստու քայլվածք ուներ /թող ներեն ինձ կանայք/:
Ռուսաստանին էլ տարան հասցրին մինչև վերջ ու ստորադասեցին Ուկրաինային՝ լրիվ քաղաքականություն: Այնինչ՝ իբր երգի մրցույթ ա: Տհաճ էր, մի տեսակ լակոտական /Ռուսաստանի բալելշչիկ չեմ, էսքանից հետո ի՞նչ Ռուսաստանի բալելշչիկ/: Մնում էր, որ վերջում միավորների քանակը հայտնեին ոչ թե հեռուստալրագրողները, այլ տվյալ երկրների արտաքին գործերի նախարարները:
Կարևորը՝ Արցախի դրոշից խոսվեց ուզածներիս չափ: Մեզ համար Իվետան հաղթող ա: Մեզ համար կարևորը պիտի լինի էն, ինչը որ իսկապես կարևոր ա: Մենք էլի մի բռունցք ենք, աշխարհի հերն էլ անիծած:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Քրիստ Մանարյանը։