Հայտնի է ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով մեղադրական եզրակացությունը:
Ըստ այդ եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ- գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
«Շենգավիթ» ԲԿ-ի մյուս գինեկոլոգ- մանկաբարձ Անի Բաբելյանն էլ 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր է եղել Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:
Բախշյանին և Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Դավիթ Բալայանը:
Նշենք, որ Դավիթ Բալայանը 2005-2015 թթ. զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը: 2015 թվականի փետրվարի 7-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ։