«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ նախագահի 1992-95թթ. հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանին հարցրինք` ինչպե՞ս է գնահատում Վիեննայում նախագահների հանդիպումը։ «Նախ նշենք, որ դա ԱՄՆ նախաձեռնությունն էր, որով, ըստ իս, կասեցվեց «Լավրովի պլանը», որի շուրջ Ռուսաստանն Ադրբեջանի հետ պայմանավորվում էր ավելի քան կես տարի։ Գիտենք, ըստ այդ պլանի, գրավյալ 3-5 շրջաններ պետք է անցնեին ադրբեջանական վերահսկողության ներքո, և ռուսական, այսպես կոչված, խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեին։ Այս ամենի ու հետագա քայլերի հիմքում էլ պետք է լիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հանդիպման հաջորդ էական դրվագներն էլ այն էին, որ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի` Կասպրչիկի խմբի կազմն ընդլայնվեց:
Սա, հիշենք, ԱՄՆ համանախագահ Ուորլիքի 3 առաջարկներից մեկն էր, հաջորդը` հետաքննող մեխանիզմները, նույնպես տեղ գտավ ԱԳ նախարարների հայտարարությունում: Սակայն այդ ամենն անհնար է լինելու կյանքի կոչել` առանց ԼՂ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության, հայկական կողմը պետք է օգտագործի Վիեննայի հանդիպումը` կատարելու ամենակարևոր քայլը` ԼՂ-ն բերելու բանակցային սեղանի մոտ` վերականգնելու կարգավորման լիարժեք ֆորմատը: Ընդ որում, հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, որևէ վստահություն չկա, որ Լավրովի պլանը կրկին կյանքի կոչելու վտանգը վերացել է. ցանկացած պահի հնարավոր է Ռուսաստանը փորձի իրականացնել ռուս-ադրբեջանական այն սցենարը, որը տապալվեց ապրիլի սկզբին` ԼՂ բանակի ջանքերով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: