Հայոց աշխարհ» թերթը զրուցել է ԶՈՒ Գլխավոր շտաբի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Սայադյանի հետ:
Վերջերս հայտարարվեց լազերային կուրացնող սարքի ստեղծման մասին: Ի՞նչ է այդ սարքը ներկայացնում:
Լազերային կուրացման սարքը նախագծվել և ստեղծվել է Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրի հետ համագործակցող կազմակերպություններից մեկի կողմից: Այն նախատեսված է ռազմական նշանակության օպտիկական սարքեր հայտնաբերելու համար, որոնք տեղակայված են, տեղադրված են և օգտագործվում են հակընդդեմ:
Դա կարող է լինել ռազմական նշանակության հեռադիտակ, օպտիկական հետախուզության ցանկացած սարքավորում, ինչպես նաև օպտիկա-էլեկտրոնային հետախուզության, այսինքն՝ ջերմատեսիլ սարքեր, տարբեր էլեկտրոնային տեսախցիկներ, գիշերային կամ սակավ տեսանելիության պայմանների խցիկների աշխատանք: Եվ վերջապես, ամենակարևորը՝ դիպուկահարների տեղի բացահայտման գործառույթն է:
Սարքի առավելությունն այն է, որ մինչև դիպուկահարի աշխատելը, նախքան կրակոց արձակելը, սարքը թույլ է տալիս նրան հայտնաբերել, որքան էլ որ դիպուկահարը քողարկված լինի: Ինչքան էլ նա թաքնվի, օպտիկան չի փակում, քանի որ օպտիկան պիտի բաց տեսադաշտ ունենա, որ թիրախ որոնի: Այդ օպտիկայից անդրադարձվող ճառագայթները որսալով՝ մեր սարքը հայտնաբերում ու բացահայտում է դիպուկահարի գտնվելու վայրը: Ինչպես նաև հզոր լազերային ճառագայթի օգնությամբ շարքից հանում է տվյալ օպտիկական սարքը:
Սարքի ամբողջ կոմպլեկտացիան՝ հարակից սարքավորումներով, երկու հոգի կարող են տեղափոխել: Այն շատ հեշտ է քողարկել, քանի որ սարքը ինքնին փոքր է:
Ինչպե՞ս է աշխատում լազերային կուրացնող սարքը:
Մեր սարքի ճառագայթի հզորությունը բավարար է, որպեսզի ամբողջովին այրի նշանոցի մեջ եղած այն դետալները, որոնց օգնությամբ դիպուկահարը կարգավորում է կրակոցը: Օպտիկան ոչնչացնելու ժամանակ լազերային ճառագայթը կարող է հարվածել նաև հակառակորդի աչքին՝ ընդհուպ մինչև տեսողության ամբողջական կորուստ պատճառել:
Բայց ամենակարևորը, որ սարքը դիպուկահարին բացահայտում է մինչև նրա աշխատանքը: Դիպուկահարների դեմ պայքարի շատ սարքավորումներ կան աշխարհում, որոնք բացահայտում են դիպուկահարին նրա կատարած գործողությունից հետո: Այսինքն՝ կրակոցի ձայնը տարբեր սարքավորումների միջոցով ուղորոշումների ենթարկելով տարբեր տեղերից, այդ ուղղությունների հատման կետում ստանում են կրակոցն արձակելու վայրը:
Եթե հակառակորդը բացահայտի մեր սարքը, որը տեղադրված է առաջնագծում ու կատարում է իր մարտական խնդիրը, ապա կրակային խոցման դեպքում սարքը օգտագործող անձնակազմին, օպերատորին չի վնասի, որովհետև նա իր ամբողջ հասակով խրամատի ներսում է գտնվում, իսկ սարքը իր միջոցներով դուրս է նայում: Եթե խփեն՝ խփելու են սարքին, իսկ օպերատորը չի վնասվի:
Ինչպե՞ս է սարքը ոչնչացնում հակառակորդի էլեկտրոնային տեսախցիկներն ու ջերմազգայուն սարքերը:
Ցանկացած տեսախցիկ, ջերմատեսիլ սարք իր օպտիկական լինզաների հետևում ունի հատուկ մատրիցա, որից գալիս է անդրադարձում: Դա բավական է այդ սարքերը հայտնաբերելու համար: Մեր սարքը այդ մատրիցան ամբողջությամբ այրում է, ու այն վերականգնել հնարավոր չէ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: