«Եվրատեսիլ 2016»-ը լեցուն էր սկանդալներով, որոնք շարունակվում են մինչ այսօր: Սկանդալները կապված էին թե Հայաստանի, թե Ռուսաստանի և թե հաղթող երկրի ներկայացուցչի հետ: Արդեն քանի որ է համացանցը ակտիվորեն քննարկում է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի երգը: 

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Ջամալան է ելույթ ունենում ինչ-որ միջոցառման ժամանակ և երգում է եվրատեսիլյան «1944» երգը: Ուշագրավն այն է, որ տվյալ միջոցառումը՝ ղրիմյան թաթարների դեպորտացիայի աքսորին նվիրված, տեղի է ունեցել 2015թ. մայիսի 18-ին: Այսինքն, «Եվրատեսիլ 2016»-ից մեկ տարի առաջ: 

Սա եվրատեսիլյան կանոնների կոպիտ խախտում է: Ըստ կանոնների՝ մրցույթին մասնակցող երգը նախկինում ոչ մի տեղ չպետք է հնչած լինի: 

Ի դեպ, երգչուհի Ջամալան արդեն իսկ մեկնաբանել է տեսանյութը՝ նշելով, որ YouTube-ում հայտնված տեսանյութն արված է միջոցառման նախապատրաստական փորձի ժամանակ: