«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 15-ին Երևանում կայացած նիստից անցել է մեկ ամսից ավելի, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել համատեղ հայտարարության տեքստը։
Հիշեցնենք, նիստի արդյունքներն ամփոփելիս ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի համատեղ հայտարարության տեքստով հանդես գան ավելի ուշ, թեև նախապես հայտարարվել էր, որ սույն հայտարարությունը հրապարակվելու է նիստից անմիջապես հետո։
Մեր աղբյուրները հայտնում են, որ մինչև օրս հայտարարության տեքստը համաձայնեցված չէ, հետևաբար նաև ընդունված չէ։ Մեզ հասած տվյալներով, հայտարարության տեքստում ռուսական կողմի համար խնդրահարույց էին եղել Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին պատերազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի վերաբերյալ ձևակերպումները։ Ռուսական կողմը ժամանակ էր խնդրել, որպեսզի տեքստը համաձայնեցնեն նաև իրենց քաղաքական ղեկավարության հետ, աշխատեն այդ ուղղությամբ ու հետ ուղարկեն իրենց համար ընդունելի տարբերակը։ Սակայն մինչև օրս որևէ լուր չկա, նշում են մեր աղբյուրները։ Մեզ հայտնի դարձավ, որ օրեր առաջ Կորյուն Նահապետյանն անգամ նամակ է հղել ռուսաստանցի գործընկերներին հայտարարության տեքստի ճակատագրի մասին «լուր» իմանալու համար։ Նրա նամակը դեռ մնում է անպատասխան։
Հիշեցնենք, «ՀԺ»–ն դեռ ապրիլի 16-ին գրել էր, որ համատեղ հայտարարության տեքստում անուղղակի մեղադրանքներ են եղել նաև ՌԴ-ի նկատմամբ այն պատճառով, որ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ հիմնականում այդ երկերն է զինում Ադրբեջանին։ Նույն օրը Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով հայտարարության տեքստի բովանդակությանը, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել էր. «Տեքստում տրվելու են կոնկրետ գնահատականներ, լինելու են առաջարկություններ՝ գործնական քայլեր կատարելու և Հարավային Կովկասում ռազմաքաղաքական վիճակն առավել ապահով պահելու, նաև անվտանգության համակարգն ամրապնդելու համար»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: