Փաստ է, որ անկախ պետականության բացակայության պայմաններում Արևելյան Հայաստանի հայությունը իր ազգային, հասարակական և մշակութային կյանքը կազմակերպում էր Հարավային Կովկասի խոշոր քաղաքներում, մասնավորապես Թիֆլիսում և Բաքվում, որտեղ հայերը գերակշռում էին թե բնակչության թվաքանակով, և թե տնտեսական ու մշակութային բարձր զարգացվածության առումով: Բայց փաստ է նաև այն, որ ցանկացած ազգի գոյատևման գերագույն երաշխիքն է հանդիսանում միայն անկախ պետականության առկայությունը:
19-րդ դարավերջին՝ 20-րդ դարասկզբին հայ սեփականատերերին պատկանող «Արոր» տպագրատունը Բաքվում գործող տպարաններից ամենախոշորն էր և հագեցած էր այն ժամանակվա համար լավագույն տպագրական տեխնիկայով: «Արոր»-ում էին տպագրվում բազմաթիվ հայալեզու պարբերականներ ու գրքեր: Մասնավորապես, 1895-ին այստեղ հրատարակվեց գրող, հնագետ ու ազգագրագետ Մակար Բարխուդարյանի «Արցախ» աշխատությունը, որը Արցախ աշխարհի մի ամբողջական պատմական և աղբյուրագիտական հանրագիտարան էր հանդիսանում:
1890-ականներին Բաքվի «Արոր» տպագրատանը հրատարակվում էր նաև նույն՝ «Արոր» անվանումով պատկերազարդ հայալեզու օրացույցների ուշագրավ շարքը, որը կրում էր հանրագիտական տարեգրքի բնույթ: Օրացույցի էջերում տպագրվում էին պատմական, ազգագրական նյութեր, հայ և այլազգի հասարակական ու գրական գործիչների կենսագրականներ, մշակութային լուրեր, և այլն:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: