2015 թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց, թե հետևելով միջազգային կազմակերպությունների անհասցե գնահատականներին, ինչպես նաև միջազգային մամուլի հակասական մոտեցումներին՝ արդյո՞ք համամիտ չէ, որ արտաքին քարոզչության ոլորտում հաճախ պարտվում ենք: Ըստ նրա՝ չունենք կառույց ԱԳՆ-ում, որ արտաքին քարոզչությամբ զբաղվի:

Նախարար Նալբադյանը հիշեցրեց, թե նախորդ տարի ասում էին ճիշտ հակառակը, թե 30 հազար դոլար քարոզչության համար է տրվել և այդքան գումարն ինչպես են ծախսել:

«Այնպես որ, այս մասով մեկնաբանություններն անիմաստ են»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատգամավորի գնահատականին, թե քարոզչության իմաստով Հայաստանը միշտ տանուլ է տալիս, Նալբանդյանը համաձայն չէր: Նա նշեց, թե մշտապես Ադրբեջանի հետ է խնդիրներ առաջանում, քանի որ նրանք են մեկ բան ասում և գնալով Ադրբեջան՝ այլ բան անում:

Ըստ նրա, ադրբեջանցիներն էին, որ եռանախագահների հետ հանդիպումից էին հրաժարվում, բայց հետո ասացին, որ համաձայն են հանդիպել:

«Ասում են՝ մենք պարտավորություն չունենք Վիեննայում հանդիպումից հետո, բայց հետո ասում են՝ դեմ չենք դրանց»,-ասաց նա և նշեց, թե Ադրբեջանը նույնիսկ շատ դեպքերում «պարտիզանական պատերազմ է տանում տարբեր միջազգային կառույցներում»:

«Այս ամեն ինչը համապարփակ գործընթաց է, և առանց նույն քարոզչության գործընթացի, փորձի, դիվանագիտական ջանքերի, բնականաբար գալիս ենք այն համոզման, որ մեր դեպքում ինչ ստանձնում, անում ենք»,-ասաց նա: