«Իրավունք» թերթը գրում է.

«Ուրբաթ օրը ոստիկանության քրեական հետախուզության վարչություն և Աշտարակի ոստիկանության բաժանմունք օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհին «Արմենիա» ԲԿ-ում ծննդաբերել է աղջիկ երեխա, ապա վաճառել Արարատի մարզի Տափերական գյուղի մեկ այլ բնակչուհու։

Ըստ տեղեկությունների՝ ծննդաբերած կինը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ունի ևս երեք երեխա, իսկ նորածին փոքրիկին միջնորդի միջոցով, ով, ի դեպ, բուժքույր է, վաճառել է հինգ հազար դոլարով։

Մեզ հաջողվեց պարզել, որ նորածին փոքրիկին վաճառողը մոտ 35 տարեկան կին է, Արուճ գյուղում աշխատել է որպես կթվորուհի։ Երեք անչափահաս երեխաներին էլ պարբերաբար հանձնում էր Իջևանում գտնվող մանկատանը։ Ամուսինը Ռուսաստանում է։ Կինը գյուղից արդեն երկու տարի կլինի դուրս է եկել, թե որտեղ է և ինչով է զբաղվում այժմ, մեզ չհաջողվեց պարզել։

Նշենք, որ ներկա պահին և միջնորդը, և երեխա գնողն ու վաճառողը ստորագրությամբ ազատ են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: