Երուսաղեմի հայ համայնքից Պաշտպանության բանակի համար ուղարկվել է դեղորայք, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև անհատական դեղատուփեր, տեղեկանում ենք ՊԲ լրատվական ծառայությունից:
Այսօր Երուսաղեմի միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ծրագրային հետագա նախաձեռնություններին վերաբերող հարցեր:
Այնուհետև միացյալ հանձնախմբի անդամներն այցելել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, տրամադրել դեղորայք և բուժսարքավորումներ, շփվել վիրավոր և առողջական այլ խնդիրներ ունեցող զինծառայողների հետ:
Հյուրերը նաև շնորհակալություն են հայտնել բուժանձնակազմին ապրիլյան իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար և հավաստիացրել, որ այսուհետ ևս պատրաստ են հանդես գալու նման նախաձեռնություններով:
Միացյալ հանձնախմբի անդամները նույն առաքելությամբ այցելել են նաև բանակային առաջնագիծ: