Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Թանկագի՛ն ծնողներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Երեխաները մեր հարստությունն են, մեր ուրախությունն ու մեր ապագան: Նրանց աշխարհ գալու պահից ամբողջովին փոխվում է մեր կյանքը, ստանում նոր իմաստ ու խորհուրդ: Եվ այդ պահից էլ մենք պատասխանատու ենք նրանց առողջության, կրթության ու դաստիարակության համար:

Արցախի իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մեր երեխաները ապրեն խաղաղ, ապահով ու բարեկեցիկ երկրում, լինեն առողջ, երջանիկ, ուրախ ու անհոգ: Այդ նպատակին են ուղղված այն բազմապիսի ծրագրերը, որ իրականացվում են ամեն տարի մեր հանրապետությունում:

Ցավոք, ապրիլյան քառօրյա պատերազմն իր անջնջելի հետքը թողեց նաև Արցախի փոքրիկ բնակիչների հիշողության մեջ: Յուրաքանչյուրիս պարտքն է անել մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի մեր երեխաների շուրթերին լինեն միայն ծիծաղ ու ժպիտ, երգ ու խնդություն, նրանց կյանքը լցված լինի ամենավառ գույներով ու երանգներով:

Թանկագի՛ն փոքրիկներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի կապակցությամբ և մաղթում կապույտ ու անամպ երկինք, կանաչ ու հարթ ճանապարհ և մեծագույն հաջողություններ ձեր ամբողջ կյանքի ընթացքում»: