Ինքնամփոփ, ներքին համարձակությամբ ու մեծ ուժով օժտված փոքրիկ Էմինի համար նկարչությունն իր պատկերացումներն ու ցանկություններն աշխարհին փոխանցելու առաջնային տարբերակն է, նկարում է իր երազած տունը, իր սիրելի սպորտաձևն ու սիրելի ֆուտբոլիստներին: Նրա համար քայլելը երազանք է, խոսելը` բարդ ու դժվարին պարտականություն, Փոքրիկին ամեն ինչ մութ ու անհաղթահարելի էր թվում: Բոլորից տարբեր լինելը նրան պարփակել էր, ցանկություններ չկային , իսկ երազելու մասին նույնիսկ երազելն էր անիրական: Սակայն` կտրուկ շրջադարձ. Նա դպրոց է հաճախում, ունի շատ սրտացավ ու հավատարիմ ընկերներ, ունի սիրելի առարկաներ, ու բազում նպատակներ: Նա առաջին անգամ իր ներսում հաղթահարեց իր ներքին վախերն ու սայլակով բարձրավաց բեմ: «Էմինին առաջին անգամ այդքան համարձակ ու վստահ տեսել եմ, երբ բարձրացավ բեմ: Ուզում է ֆուտբոլիստ դառնալ, բայց քանի մեծանում է հասկանում է, որ ինքը հեռու է իր երազանքից, և ասում է, որ եթե ինքը չդառնա, ապա իր տղան հաստատ ֆուտբոլիստ է դառնալու, իսկ իր աղջիկը ծանրամարտիկ»,- YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում նշեց Էմինի մայրիկը՝ տիկին Հասմիկը:
Էմինի մայրիկի աչքերն ամեն անգամ նորովի են փայլում, երբ լսում է նրա հստակ նպատակների, համառ ցանկությունների ու ամենակարևորը ձգտումների մասին: Տիկին Հասմիկը նույնպես ներգրավվեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեության մեջ և փորձում է իր ներդրումով օգնել Լեռնագոգ համայնքի բոլոր երեխաներին, ովքեր ստվերում են.
Թեև մայրիկի համար առաջնային խնդիրը Էմինի քայլելն է, փոքրիկն արդեն մայրիկին հուսադրում է իր համարձակ քայլերով. Նա արդեն հեծանիվ է քշում:
Արագածավան համայնքում 20 տարի առաջ հենց այս տանը մանկան ճիչ լսվեց, ծնվեց Մարիամն իր աղջկական փայլով, սակայն այս աշխարհը նրան այլ կյանք էր նախատեսել: Մանկությունն անցավ անգույն: Տան խարխլված պատերից Մարիամը մշտապես դուրս էր գալիս, նստում իր սիրելի կապտագույն դարպասի մոտ ու լուռ հետևում անցուդարձին՝ անձայն, անհաղորդ, աննկատ…Բայց տարիներ անց անիվը հանկարծ ճիշտ ուղղությամբ պտտվեց, 20-ամյա Մարիամի համար կյանքը գունավորվեց ընդամենը 2 ամիս առաջ, երբ առաջին անգամ հանդիպեց ընկեր Մարինեին: Նրա համար իր միակ մխիթարանքը տիկնիկներ էին, խաղում ու շփվում էր միայն անշունչ առարկաների հետ, որովհետև չուներ ընկերներ, անտեսված ու միայնակ էր, իսկ այսօր այլևս չի ուզում տիկնիկներով խաղալ, որովհետև իրական ընկերներ ունի. «Ես արդեն մեծացել եմ, ունեմ ընկերներ և ուզում եմ, որ ընկերներիս հետ խաղամ: Ուզում եմ դերասանուհի դառնալ, որ երգեմ, պարեմ, դաշնամուր նվագեմ ու երեխաներին ուրախացնեմ»,- մեզ հետ զրույցում նշեց Մարիամը:
Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) Թատերական խմբակը նրա կյանքում ամենալուսավոր էջը դարձավ, բեմն` ամենասիրելի` անկյունը, նրա ներսում ծնվեցին ցանկություններ, նպատակներով, ձգտումներ: Մարդկանցից հեռու, բայց միևնույն ժամանակ այդքան հոգատար աղջնակն այսօր ինքն է ուզում օգնել մարդկանց, ուզում է իր բեմական խաղով նրանց ժպիտ պարգևել:
Այսօր Մարիամն արդեն իր մեջ ուժ է գտել և առաջ է շարժվում առանց սայլակի, որովհետև զգում է, որ կան մարդիկ ովքեր պատրաստ են ցանկացած պահի իրեն ամուր գրկել ու հավատացնել, որ ինքն էլ բոլորի նման իրավունք ունի լիարժեք ապրելու:
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) աշխատում է Հայաստանի ավելի քան 45 գյուղական համայններում՝ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում: COAF Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի հոգածության ու խնամքի ներքո ավելի քան 1500 շահառու երեխա և 800 ընտանիք կա: