Մայիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշին:
Կարեւորելով պարոն Սորարեշի այցը տարածաշրջան` ԱԺ նախագահը նշեց, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հարավային Կովկասի երկրներում տիրող քաղաքական իրավիճակներին, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Նա բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ եւ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Նրա համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ տարածաշրջանի համար:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշեց, որ իրենց ցանկությունն է, որ տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն եւ բոլոր հակամարտությունները լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ առկա արդյունավետ փոխգործակցության զարգացումը եւ խորացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: