«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանը հնարավոր է դիմի ինքնավնասման: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց խմբագրություն զանգահարած կալանավորի մայրը` Ռոզա Սարդարյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Սմբատյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է 2006 թվականի հոկտեմբերի 28-ից, և դատապարտված է եղել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նա ևս չորս դատվածություն էր ավելացրել՝ չորս անգամ դատապարտվելով կալանավայրում եղած ժամանակ թմրամիջոց պահելու ու օգտագործելու համար:

Իսկ հիմա դատապարտում են 5-րդ անգամ, քանի որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նրան այս հանցագործության համար ևս 2 տարի 7 ամիս ժամկետով ավելացել է:

Սակայն կալանավորի մայրը` Ռոզա Սարդարյանը հայտնում է, որ դատավորն շատ է ավելացրել ժամկետը, քանի որ Արթուր Սմբատյանի գործում կան մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ:

«Նախ ինքը արագացված դատավարություն պահանջեց, հետո իր հայրն առաջին կարգի հաշմանդամ է, ինքն ունի մի շարք հիվանդություններ և երկու անչափահաս երեխաներ: Սրանք բոլորը հանդիսանում են մեղմացուցիչ հանգամանքներ, համաձայն որի դատարանը պետք է նրա ժամկետին ավելացներ ամենաշատը 1 տարի 5 ամիս, և ոչ թե 2 տարի 7 ամիս»,-այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Ռոզա Սարդարյանը:

Վերջինս հայտնում է, որ համաձայն քրեական օրենսգրքի, դատարանը պետք է հաշվի առներ մեղմացուցիչ հանգամանքները, որն այս պարագայում անտեսվել է, իսկ դատավորի հիմնավորումը եղել է այն, որ եղել է հանցագործության կրկնակիություն, այսինքն նախկինում ևս նույն հանցանքը կատարվել է:

«ՀՀ նախագահի հրամանով քրեական օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարվեցին, համաձայն որի ուժը կորցրած է համարվում հանցագործությունների կրկնակիությունը, այիսնքն դատարանը իրավունք չունի այս դեպքում հաշվի առնի նախկին հանցանքները, քանի որ ինքն արդեն իր պատիժը կրում է»,-իր խոսքում նշեց կալանավոր Արթուր Սմբատյանի մայրը:

Վերջինս հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում լռել դատավորի թույլ տված սխալը և Արթուր Սմբատյանի փաստաբանը վերաքննիչ բողոքով բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը և վերաքննիչ դատաքննությունը տեղի կունենա մայիսի 13-ին:

Իսկ որդին Արթուր Սմբատյանը հայտնել է, որ, եթե վերաքննիչ դատարանը շարունակի անտեսել իր մեղմացուցիչ հանգամանքները, ապա ինքն իրեն կվնասի: