Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան արդեն 12-րդ անգամ անցկացնում են Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։
Այն մեկնարկել է ս. թ հունիսի 6-ին` կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ձևավորված ավանդույթի համաձայն, Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցելով մեծն կոմպոզիտորի հիշատակին։ Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Արամ Խաչատրյանի անվան մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է և անցկացվում է միջազգային չափանիշներով։
Այն այս տարի առաջին անգամ անցկացվում է Դիրիժորություն անվանակարգում։ Մրցույթին մասնակցելու համար դիմած 57 երիտասարդ դիրիժորներից ընտրվել են 12-ը, որոնք ներկայացնում են 10 երկիր՝ Գերմանիան, Իտալիան, Լիբանանը, Լեհաստանը, Խորվաթիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Շվեդիան, Սինգապուրը, Ռուսաստանը։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով. առաջին փուլ` հունիսի 7-9-ը, ժամը 18:00-ին (Արամ Խաչատրյան համերգասրահ), երկրորդ փուլ` հունիսի 11-ին և 13-ին, ժամը 18:00-ին (Արամ Խաչատրյան համերգասրահ)։ Ժյուրիի կազմում են. ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը (Հայաստան), Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Թոմաս Յակսիկը (Բրազիլիա/Չիլի), արվեստի կառավարում իրականացնող «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ Մարկ Հիլդրյուն (Մեծ Բրիտանիա), «Ֆիլհարմոնիա» նվագախմբի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուելտոնը (Մեծ Բրիտանիա), կոմպոզիտոր, դիրիժոր Միխալիս Իկոնոմուն (Հունաստան), դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը (Իսրայել/Հայաստան), դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ)։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն սահմանել է հետևյալ մրցանակները՝
1-ին մրցանակ՝ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 2 համերգ՝ Հայաստանում 2016-2017 և 2017-2018 թվականների համերգաշրջանների ընթացքում` մրցույթի կազմկոմիտեի առաջարկած նվագախմբ(երի)ի հետ, ինչպես նաև դափնեկրի դիպլոմ։
Պարգևատրման արարողությունը և գալա-համերգը տեղի կունենան հունիսի 14-ին` ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գլխավոր գործընկերը՝ ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը։
Արամ Խաչատրյանի անվան մրցույթից անմիջապես հետո Երևանում բացվելու է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր վեհաժաղովը, որին կմասնակցեն երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր ներկայացուցիչներ։
Այլ մանրամասները՝ մրցույթի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյանէջում:
Ս.թ. հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ասուլիս՝ նվիրված Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթին։ Ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պղոսյանը, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը, մրցույթի ժյուրիի անդամները և որպես պատվավոր հյուր՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը: