«Այսօր օրվա երկրորդ կեսին Հանրապետություն է ներթափանցելու նոր ցիկլոն, որն իր հետ հյուսիս-արևմուտքից բերելու է ցուրտ օդային հոսանքներ: Այս ցիկլոնը շատ ավելի ընդգրկուն ու հզոր է, ինչի հետևանքով կեսօրից հետո և հունիսի 8-ին ու 9-ին տեղումները կլինեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ նաև օրվա ընթացքում: Կրկին մեծ է կարկուտի հավանականությունը: Մեր երկրում սպասվող եղանակային «իրադարձությունները» այսպես բնութագրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ հունիսի 8-9-ին սպասվում է նաև ջերմաստիճանի նվազում՝ 3-5 աստիճանով: Ցիկլոնի ուժը, ըստ Սուրենյանի, կթուլանա հունիսի 10-ին: Աստիճանաբար կնվազի նաև տեղումների հավանականությունը. եթե հունիսի 10-ին տեղումներ են սպասվում հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ միայն երեկոյան ժամերին, ապա հունիսի 11-ին տեղումների հավանականությունը մեծ է միայն հյուսիսային շրջաններում:

«Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ամսի 10-ից: Շատ բարձր ջերմաստիճան դեռ մի ակնկալեք: Բարձրացումից հետո ջերմաստիճանը հազիվ կմոտենա 30 աստիճանին»,- ընդգծում է օդերևութաբանը:

Սուրենյանի հետ զրուցեցինք նաև վերջին օրերին հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանի որոշ հատվածներում գրանցված կարկտահարության դեպքերի մասին:

Մասնագիտորեն նկարագրելով երևույթը՝ Սուրենյանն ասաց, որ ուժեղ կարկուտի պատճառը ձևավորված գերհզոր կարկտային ամպամածությունն է. «3000-6000 մետր բարձրությունների վրա վերջին երկու օրերին տեղի է ունենում ցուրտ օդի ներհոսք, իսկ գետնամերձ շերտում՝ տաք օդի ներհոսք: Այս երևույթով պայմանավորված մեծանում է ըստ բարձրության ջերմաստիճանի անկման մեծությունը. մենք դրան ասում ենք ջերմաստիճանի ուղղաձիգ գրադիենտ: Կեսօրից հետո, օդի տաքացումով պայմանավորված առաջացնում են ուժեղ վերընթաց հոսանքներ և հզոր կարկտային ամպամածություն, ինչի հետևանքով հանրապետության առանձին հատվածներում անձրևների հետ տեղում է նաև կարկուտ»,- բացատրեց Սուրենյանը:

Հարցին՝ արդյո՞ք այդ կարկտաբեր ամպերի հզորությունն է պատճառը, որ հակակարկտային կայանների ներգործությունը չի ազդում՝ Սուրենյանը դրական պատասխան տվեց.

«Այո, վերջին երկու օրերին գերհզոր ամպամածություն է առաջանում: Հենց հակակարկտային կայանների ներգործության շնորհիվ է, որ աղետալի կարկտահարություն չի լինում: Եթե կայանների ներգործությունը չլիներ՝ հետևանքերը շատ ավելի ծանր կարող էին լինել, որովհետև ամպի ուղղաձիգ հզորությունը հասնում է մինչև 10-12 կիլոմետրի, իսկ ամպի մեջ կարկտի գոտին՝ մինչև 4-5 կիլոմետրի: Ամպի մեջ ունենում ենք 4-5 կլիոմետր շերտով կարկտի կուտակում. դա հզոր սառցե կուտակում է: Եղել են դեպքեր, որ չպաշտպանվող տարածքներում նման ամպերից տեղացել է մինչև 5-6 սանտիմետր տրամագծով, այսինքն հավի ձվից էլ մեծ կարկուտ, որի տևողությունը կարող է հասնել մինչև 40 րոպեի: Իսկ վերջին օրերին տեղացած կարկուտի տրամագիծը 1-2 սանտիմետր է, տևողությունը՝ 4-5 րոպե»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: